• Thu. Mar 4th, 2021

Մեր բանակը պատերազմի պարտությունից հետո էլ պարտված բանակ չէ

Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ հայկական Բանակի օրը՝ հունվարի 28-ը, դիմավորում ենք ծանր սրտով, խոցված հոգով ու մեծ ցավով: Թե ինչու է այդպես, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնելու, բացատրելու, մեկնաբանելու որևէ մեկին:

Արցախին ու Հայաստանին պարտադրված 44-օրյա պատերազմի պարտությունը, մեր հազարավոր հայրենակիցների կորուստը, Արցախի տարածքների կորուստն ու անհետ կորածների և ռազմագերիների հանգամանքը չեն թողնում որևէ այլ տրամադրության տեղ: Չեն թողնում որևէ այլ տրամադրության, բայց ոչ այլ զգացումի տեղ: Որովհետև ցավը, կսկիծը, վիշտը, կարոտը առկա են, սակայն ոչ՝ մեր ազգային հպարտության ու արժանապատվության հաշվին:

Թեև ռազմական պարտությունից հետո բոլորովին նոր և դժվարին հոգեբանական վիճակում, սակայն ազգային Բանակի օրը մենք շարունակում ենք դիմավորել հպարտությամբ: Պարտված պատերազմը ոչ միայն չի նվազեցրել մեր բանակով հպարտանալու իրավունքը կամ առիթները, այլև բազմապատկել է դրանք՝ այն հերոսական պատմություններով և անմոռանալի սխրանքներով, որ գործել են մեր սպաներն ու զինվորները, մեր պահեստազորայիններն ու կամավորականները պատերազմի դաշտում, Արցախին ու Հայաստանին պարտադրված անհավասար կռվում:

Մեր բանակը պատերազմի պարտությունից հետո էլ պարտված բանակ չէ, հաղթող բանակ է: Սա զուտ էմոցիա չէ, պաթետիկ զգայականություն չէ: Մեր բանակը անհավասար պատերազմում մղած մարտերով ցույց է տվել, որ լավագույնն է ռեգիոնում, ամենամարտունակն ու պատվախնդիրն է ռեգիոնում: Պարզապես անհավասար էին ուժերը, անհավասար էին զարգացման մակարդակները, անհավասար էին մոդելային հարթությունները, որում գտնվում էին զինված կողմերը: Այդ իմաստով պարտությունը ոչ թե բանակի, այլ առաջին հաղթանակին հաջորդած տարիներին Հայաստանի ռազմաքաղաքական կառավարման պարտությունն էր: Բանակը, զինվորը, սպան, կամավորն ու պահեստազորը արել են գուցե ավելին, քան կարող էին, քան հնարավոր էր:

Ըստ այդմ, այսօր մեր նույն բանակն է՝ խոցված, վիրավոր, զինակցի թանկ կորուստներ կրած, վրեժով լցված, ցավով համակված, բայց հաղթող, իր ուժով, կամքով, քաջությամբ, անձնվիրությամբ և մարտունակությամբ կասկածի որևէ տեղիք չտվող մեր բանակը: Բանակ, որը, սակայն, առերևույթ թշնամու ահռելի ուժին բախվելուց առաջ փաստորեն բախվել էր առաջին արցախյան հաղթանակի վրա անձնական բարեկեցություն կառուցած ու հաղթանակը մսխած ռազմաքաղաքական կառավարման համակարգի անարդյունավետությանը, որի հետևանքը ցավալիորեն պետք է զգացվեր հինգերորդ սերնդի պատերազմի դաշտում:

Ցավալիորեն ողբերգական և դառնագույն իմաստով բացառիկ հունվարի 28-ն այդ առումով պետք է ժամանակի մեջ իր բացառիկության մեջ վերափոխվի իբրև նոր մեկնակետի, որից պետք է սկսի հայկական պետականության նոր որակի և ըստ այդմ՝ այդ պետականության անվտանգության գերակա երաշխիք հայկական բանակի նոր մակարդակի ձևավորման, ըստ այդմ՝ մեր պետական նոր հաղթանակների կռման գործընթացը: Այն թանկ և անփոխարինելի մարդկային կորուստը, որ ունեցել է հայկական բանակը, պետք է անընդհատ իմաստավորվի հենց դրանով: Մեր հայրենակիցները, մեր երիտասարդ, լուսե սերնդի մի ահռելի շերտ իր կյանքը զոհել է հենց այդ վերափոխման հնարավորությունը պահպանելու համար:

Հավերժ հիշատակ ընկածներին և փառք հայկական բանակին: