• Fri. Apr 23rd, 2021

Ֆինանսական շուկայում որոշակի կայունացում է նկատվում

Ֆինանսական շուկայում որոշակի կայունացում է նկատվում։ Դրամի սրընթաց արժեզրկման պրոցեսն էլ կարծես կանգնել է։ Դոլարը տատանվում է 515 դրամի շրջանակներում։

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի խոսքերով՝ վերջին շրջանում ֆինանսական շուկայում կատարվողը ավելի շատ վարքագծային էր, պայմանավորված էր հոգեբանական գործոնով։ Եվ Կենտրոնական բանկի կողմից կիրառված ճիշտ գործիքակազմի արդյունքում որոշակի կայունություն արդեն նկատելի է։ «Անկասկած, որոշակի դոլարային ինտերվենցիա արվել է։ Վերջերս էլ «Մոդուսը» Հայաստանին տվել էր BE3 վարկանիշը, որի մեկնաբանություններում նշված էր, որ Կենտրոնական բանկը համապատասխան մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնում է և ապադոլարացման հետ կապված ռեզերվները, ինչքան որ հնարավոր է՝ կօգտագործի։ Ըստ էության, դոլարացում էր գնացել, բայց Կենտրոնական բանկն ի զորու է կանխելու դրամի հետագա արժեզրկումը»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կայունության համար որոշակի դեր է խաղացել քիչ թե շատ կայուն ներքաղաքական վիճակը, քանի որ կորոնավիրուսից, ապա նաև պատերազմից հետո մարդկանց մոտ որոշակի խուճապ կար, մտավախություն կար, և դրանով պայմանավորված՝ մարդիկ սկսեցին իրենց խնայողությունները ավելի կայուն արտարժույթով պահել։ «Ճիշտ է, բոլոր խնդիրները լուծված չեն, բայց հիմա այդ բոլոր ցնցումները արդեն հետևում են, և Կենտրոնական բանկի կողմից կիրառված ինտերվենցիայի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ցանկացած քաղաքական ցնցում ազդում է ֆինանսական շուկայի վրա, տնտեսական կյանքի վրա։ Մարդկանց վարքագիծը փոխվում է ցնցումների ժամանակ։ Մարդիկ որոշակի մտավախություններից ելնելով, անգամ արտագաղթելու ցանկություն ունենալու պարագայում իրենց խնայողությունները դոլարացնում են, և այդ ժամանակ էլ պահանջարկը մեծանում է արտարժույթի նկատմամբ։ Բայց այնպես չէ, որ մյուս երկրներում ամեն ինչ լավ է։ Ռուսաստանում, Եվրոպայում համավարակի հետ կապված ի՞նչ վիճակ է, տարբեր երկրներում ցույցեր են, և այդ ֆոնի վրա մարդիկ հույս էլ չեն կապում մեկնել Հայաստանից։ Դրա համար գուցե Հայաստանում սկզբնական շրջանում խուճապ կար, բայց հիմ սթափ են դատում։ Իսկ խուճապը ֆինանսական շուկայում լավ բանի չի հանգեցնում։ Պետք է մեր խնայողությունները կուտակվեն, և կարողանանք ապահովել տնտեսության վերելքը։ Ոչ ոք մեզ դրսից չի օգնելու»,- նկատեց տնտեսագետը։

Վարդանյանի խոսքերով՝ այս վիճակն էլ ցույց տվեց, որ մեր երկրում ամենակայացած համակարգերից մեկը ֆինանսական համակարգն է, որը նման իրավիճակներում կարողանում է դանդաղ, բայց ճկուն որոշումներ կայացնել։ «Մեր տնտեսությունը այն ճկունությունը չունի, որ կտրուկ միջոցներ կիրառվեն։ Թե չէ Կենտրոնական բանկը կարող է նաև ինֆլյացիայի տոկոսադրույքը բարձրացնել, գնաճի նպատակադրումը փոխել՝ 1-2 տոկոսի փոխարեն հասցնելով 4-5 տոկոսի, փոխարժեքի հետ կապված փոփոխություններ կարող էին լինել, բայց կրկնում եմ, կտրուկ լուծումները մեր տնտեսության համար նպաստավոր չէին լինի»,- ասաց Վարդանյանը։

Ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը նույնպես օրերս ասել էր՝ վերջին շրջանի դրամի արժեզրկումը անհանգստացնող չէ և այն ավելի շատ վարքագծային է, երբ մարդիկ սկսեցին իրենց խնայողությունները դրամային դաշտից տեղափոխել արտարժույթային դաշտ, ինչով էլ պայմանավորված՝ դրամն արժեզրկվեց։ Սակայն Կենտրոնական բանկում, համապատասխան քայլերի արդյունքում, ներկայումս արդեն որոշակի կայունացում նկատվում է։ Կայֆաջյանը նաև նշել էր, որ դրամը ընդհանուր կայունության մեջ կգտնվի մինչև ապրիլ ամիս։