Անցնող տարիների կամ տասնամյակի ընթացքում, տեղեկատվական տեխնոլոգիաների գեներացմանը զուգահեռ, հայաստանյան հանրության մոտ գեներացվել է նաև մտայնություն, որ մենք ունենք ամենակարող գիտական պոտենցիալ, ինչին խանգարել է միայն կոռումպացված կամ անտարբեր իշխանությունը, այլապես Հայաստանը մեկ-երկու քայլով կդառնար ռազմարդյունաբերական և գիտական կենտրոն: Ընդ որում, այդ պնդումները երբեմն արվել են միանգամայն անկեղծ, իսկ երբեմն էլ պարզապես տարբեր՝ մանր ու մեծ շահադիտությամբ:
Այսօր հաճախ է խոսվում Իսրայելի ռազմարդյունաբերական, գիտատեխնոլոգիական ձեռքբերումների մասին՝ արձանագրելով, թե համարժեք իրավիճակներում և մարտահրավերների առաջ գտնվող պետություններ ու ժողովուրդներ ենք: Իրականում համարժեք ենք առաջին հայացքից: Խորքային, իրական քաղաքականության առումով շատ կարևոր է արձանագրել մի բան, որ Իսրայելի դաշնակիցը ԱՄՆ-ն է, իսկ Հայաստանինը՝ Ռուսաստանը, ռազմարդյունաբերության, գիտության, ընդհանրապես կառավարման որակներով և աշխարհաքաղաքական կշիռներով բացարձակապես տարբեր տերություններ:
Եվ, եթե ԱՄՆ-ն տարիների ընթացքում փորձել է նպաստել դաշնակից Իսրայելի տեխնոլոգիական, գիտատար ռազմարդյունաբերության զարգացմանը, այլ ոչ թե խանգարել՝ ելնելով մի շարք ռազմավարական չափումներից, ապա Հայաստանի դաշնակցի պարագայում մենք ունեցել ենք բոլորովին այլ պատկեր: Թե ինչու, առանձին խոսակցության նյութ է, սակայն սա, թերևս, կարևորագույն հանգամանքն է, որը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի գիտատար ռազմաարդյունաբերության զարգացման հեռանկարի տեսանկյունից:
Դա մի ոլորտ և հարթություն է, որտեղ գիտությանը և գիտական մտքին որպես առանցքային գործոն հավասարապես ուղեկցում է աշխարհաքաղաքականությունը, դրանից բխող ֆինանսական և տեխնոլոգիական հոսքերով: Իսկ այդտեղ հրաշքներ իսկապես չեն լինում, լինում է դաժան մրցակցություն, որը հաղթահարելու համար Հայաստանին պետք է արդեն քաղաքական-դիվանագիտական մեծ միտք ու կարողություն: