• Fri. Apr 23rd, 2021

Պետք է ուշադիր լինենք Ռուսաստանի հարցում՝ հասկանալու համար, թե ինչ են կարող

Հայտարարությունները, թե Հայաստանը պետք է չափազանց ուշադիր և զգոն լինի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության հանդեպ, այսպես ասած տեսական, աքսիոմատիկ առումով լիովին հասկանալի ու պարզ են, սակայն բավականին տարօրինակ և պարզունակ են պրակտիկ իմաստով:

Պատճառը բավականաչափ պարզ է, հատկապես 44-օրյա պատերազմի ֆոնին: Հայաստանը որքան էլ ուշադիր, աչալուրջ և զգոն հետևի զորավարժությանը, միևնույն է, թուրքական ռազմական ներուժի դեմ Հայաստանի ռազմական ներուժը թույլ է այնքան, որ բազմակի աչալրջությունն անգամ չի փոխի էական ոչինչ: Արցախի դեմ պատերազմում Թուրքիան ներգրավվել էր առավելապես հրամանատարա-շտաբային մակարդակում, օդային կառավարման և պլանավորման, ու նաև հատուկ գործողությունների որոշակի փուլերում: Այդքանն արդեն իսկ բավական էր, որպեսզի հայկական զինուժը, կազմված լինելով իսկապես անմնացորդ խիզախությամբ և մարտունակությամբ աչքի ընկնող սպաներից ու զինվորներից, այդուհանդերձ, խոշոր և ողբերգական պարտություն կրի ՆԱՏՕ ամենաուժեղ բանակներից մեկից:

Ըստ այդմ, ասել, թե պետք է զգոն ու աչալուրջ հետևենք, նշանակում է չասել ոչինչ: Պրակտիկ օգտակարությունը կլինի այն, երբ ասվի, թե ինչ պետք է անենք՝ որ դեպքում ինչ կարող ենք անել և ինչ պետք է անենք: Մի տարբերակն այստեղ պատրաստ է առնվազն դար՝ պետք է ապավինենք ռուսական օգնությանը: Մենք մեկ դար ապավինում ենք դրան, բայց թե՛ դարի սկզբին, թե՛ դար անց մենք բախվեցինք իրողության, երբ Ռուսաստանը չի ապահովել մեր անվտանգությունը նվազագույն լիարժեքության կամ ամբողջության տրամաբանությամբ: Ոչ թե վատն է, չար է, նենգ է և այլն, ու չի ապահովել այդ պատճառով, այլ որովհետև օբյեկտիվորեն զիջում է ուժերի ներկայիս գլոբալ հարաբերակցությունում և դրանից բխող քաղաքական հաշվարկներում ստիպված է գնալ այնպիսի որոշումների կայացման, որոնք հենվում են այսպես ասած՝ հանձնման տրամաբանությամբ փոխզիջումների վրա: Իսկ հանձնվում են բնականաբար հայկական շահերը:

Ըստ այդմ, ռուսական ռազմական գործոնը, անշուշտ, մեր անվտանգային կարևոր բաղադրիչներից մեկն է, իսկ ներկայումս՝ պատերազմում հայկական բանակի լուրջ մաշվածության պայմաններում, ըստ էության, բացառիկը, այդուհանդերձ այն բոլորովին չի կարող լինել բացարձակ գործոն: Հետևաբար, ուշադրության և զգոնության կոչերից զատ, կամ ավելի շուտ դրա փոխարեն, արդյունավետ և օգտակար, այսպես ասած գործնական կլինի ասել, թե ինչ է պետք է անել այլընտրանքային զսպման մեխանիզմների ուղղությամբ: Հակառակ դեպքում, մեր ուշադիր լինել-չլինելը կապ չունի. ուշադիր պետք է լինեն ռուսները: Մենք ավելի շատ պետք է ուշադիր լինենք այս դեպքում Ռուսաստանի հարցում՝ հասկանալու համար, թե ինչ են կարող, իսկ ինչ չեն կարող, և գտնելու համար պատասխանը՝ մենք առանց նրանց ինչ ենք կարող և ինչ չենք կարող, և ուրեմն ինչ պետք է անենք, և ինչ չպետք է անենք: