• Fri. Apr 23rd, 2021

Քոչարյանից եկող որևէ վտանգ չկա, վտանգ կլիներ, եթե բազմահազարանոց ցույցեր կազմակերպեր

Նախորդ շաբաթ դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-ից մինչև փետրվարի 8-ը մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ-ի նիստին։ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշում էր, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթելու են։

Ընդհանրապես որքանո՞վ է Ռուսաստանը այս պահին տիրապետության տակ պահում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում ՌԴ դեսպանը ակտիվորեն հանդիպում է Հայաստանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քննարկում ներքաղաքական հարցեր։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է հարյուր տոկոսով և ամբողջությամբ բոլոր բնագավառները պահել իր հսկողության տակ, բայց դա իր մոտ ստացվում է ճիշտ այնքան, որքան իր ուժը պատում է։

«Նույնիսկ այսօր Ռուսաստանում ներքին կառավարման խնդիրներ կան, ՌԴ-ն դարձել է անկառավարելի, օրինակ Խաբարովսկի նահանգապետն ազատազրկված է, բնակչությունը դեմ է այդ ազատազրկմանը։ Ռուսաստանում քաղաքական գործիչ Նավալնին ռուսական պետությանը մեղադրում է արգելված քիմիական զենք արտադրելու և սեփական քաղաքացիներին այդ զենքով սպանելու մեջ։ Ռուսաստանի մայրաքաղաքում մետրոպոլիտենի աշխատանքը կասցենում են, որպեսզի հանրահավաքի գնացող քաղաքացիները զրկվեն երթևեկության միջոցից, այսինքն՝ զրկում են բուն մոսկվացիներին տեղաշարժվելու իրավունքից։ Ռուսաստանում էթնիկ ռուսներին թույլ չեն տալիս խոսել Ռուսաստանի հոգսերից, շահերից, և տեսախցիկը տրամադրում են ազգությամբ հայերին՝ մարգարիտաներին, ռոմաններին, կուրղինյաններին, միհրանյաններին, և նրանք հայհոյում են ազատություն ուզում ռուս ժողովրդին։ Նրանք, իհարկե, ուզում են վերահսկել Հայաստանը, բայց այստեղ են ասել՝ մի հատ ձեզ մոտ կարգ ու կանոն հաստատեք և նոր Հայաստանում ձեր  կարգերը թելադրեք»,- ասաց Ազատ Արշակյանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցին, Արշակյանը նրան խորհուրդ տվեց՝ այնտեղից գա գնա Իզմիրլյան բուժկենտրոն իր առողջական վիճակը բարելավելու։

Քոչարյանը պետք է մոռանա Ռուսաստանից աջակցություն ստանալու մասին, քանի որ եթե նրան աջակցեին, հիմա «Սիստեմա»-ի համանախագահները որպես հյուր կգային Հայաստան ժողովը կանեին, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ նախընտրական ծրագրեր կունենար, հանրահավաքների ելույթներ, երթեր  կկազմակերպեր, և նա Սիստեմայով զբաղվելու ժամանակ և սիրտ չէր ունենալու, նա հիմա Հայաստանը պետք է «փրկեր»»,-հավելեց Արշակյանը։

Արշակյանը գտնում է, որ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարմար մրցակից է, դրա համար Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս, որ նա գնա Մոսկվա, որ գնա զբոսանքների, գուցե գնա Աֆրիկա և կարմիր գրքերում գրանցված կենդանիներ սպանի․

«Նիկոլ Փաշինյանին դա հարմար է, և դրա համար էլ նա այդպես աշխուժորեն մտել է քաղաքականություն և մեր կյանք, նա շատ թույլ է և նրա կոպիտ սխալն է, նա պետք է ընտրի ուժեղ մրցակից, որովհետև եթե մրցակիցը հաղթի, նա պետք է դառնա ՀՀ ղեկավար, ինքն իրենից հետո՝ որես ժառանգություն, պետք է ուժեղ ղեկավար դնի։ Բայց եթե նա մարադյորների է գրանցում, նշանակում է՝ ինքը թերացել է, իր պոտենցյալ ժառանգությունը լավը չէ, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին,  բայց մի քիչ էլ ինքը պետք է ժողովրդին սիրի․․․Բոլորովի՞ն չի սիրում, որ նման թեկնածուներ է առաջարկում մեզ, դա ինչ քննարկման նյութ է, նա միայն կարեկցության թեմա պետք է լիներ, ես անկեղծ կարկեցում եմ Քոչարյանին, Աստված մի քիչ խելք պետք է տար նրան»,-ասաց Արշակյանը՝ հավելելով, որ Քոչարյանից եկող որևէ վտանգ չկա, վտանգ կլիներ, եթե բազմահազարանոց ցույցեր կազմակերպեր, իսկ  Նիկոլ Փաշինյանն էլ նրան հրավիրեր բանակցությունների իշխանությունը հանձնելու։ Այ դա վտանգավոր կլիներ»։