• Fri. Apr 23rd, 2021

7,5 տոկոս. «լավ» ցուցանիշ՝ կորոնավիրուս և համաշխարհային տնտեսական կանգառ, ավերիչ և դաժան պատերազմի ֆոնին

Հայաստանում 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կազմել է 7,5 տոկոս:

Հաշվի առնելով, թե ինչ մարտահրավերների միջով է անցել տնտեսությունը 2020 թվականին, 7,5 տոկոսը կարող է թվալ նույնիսկ ոչ թե չարյաց փոքրագույն, այլ նույնիսկ «լավ» ցուցանիշ՝ կորոնավիրուսի համաճարակ և համաշխարհային տնտեսական կանգառ, իսկ հետո ավերիչ և դաժան պատերազմ, որի հետևանքները առ այսօր շարունակում են տնտեսության համար լինել ծանր բեռ: 2009 թվականին, օրինակ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսությունն ունեցավ աշխարհում ամենամեծ անկումներից մեկը՝ 14 տոկոս:

Ընդ որում, դա եղել է այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը չէր եկել գրեթե կանգառի ռեժիմի, չկար այն լոքդաունը, որ եղավ 2020 թվականին: Մյուս կողմից, 2009-ի հետ համեմատությունը, մեղմ ասած, քիչ է մխիթարում, որովհետև այդտեղ կարող են լինել քաղաքական պայքարին առնչվող հանգամանքներ, սակայն հանրության ու պետության համար կարևոր են ներկայիս մարտահրավերներն ու դրանց չեզոքացման հնարավորությունները:

Եթե ընդամենը կայունություն ապահովելուն, ապա կայունությունը, անշուշտ լինելով կարևորագույն խնդիր, այդուհանդերձ պետք է դիտվի միջոց, ոչ թե նպատակ: Այսօր Հայաստանի տնտեսական կյանքում գլխավոր բացերից մեկը լայն նպատակների բացակայությունն է: Մյուս կողմից, միակ շոշափելի ձևակերպվածություն ունեցող նպատակը ներկայումս, ցավոք սրտի, նախկին համակարգի ռևանշն է:

Իսկ այն իրագործվում է «նպատակն արդարացնում է միջոցները» տրամաբանությամբ, ինչն էլ իր հերթին բերում է հետպատերազմական քայքայիչ մթնոլորտի էլ ավելի քայքայման: Այդպես Հայաստանը հայտնվում է երկիմաստ վիճակում:

Քայքայումը կասեցնելու համար մի կողմից պետք են նոր և վերքաղաքական կարևոր նպատակներ, որոնք կոգևորեն, կմիավորեն, կմոբիլիզացնեն հանրությանը ստեղծագործ, կառուցող ռեժիմում, մյուս կողմից այդ խնդրի լուծման համար պահանջվում են թերևս քայքայիչ մեդիափսիխոզի վրա ծախսվող ռեսուրսներին համարժեք ռեսուրսներ: