• Fri. Apr 23rd, 2021

«Նախկին-ներկայից դուրս» խնդիրը քաղաքական ներկապնակի՝ գործնականում ամբողջությամբ փոփոխությունն է

Հայաստանի ներքաղաքական կյանքը նախկին-ներկա «դիսկուրսից» դուրս բերելու հրամայականի վերաբերյալ արդիական խոսակցությունները զգալիորեն ունեն մի մոլոր ընդհանրություն: Խոսքն այն մասին է, որ նախկին-ներկան պատկերացվում է նախկին իշխանություն և ներկա իշխանություն ձևաչափով:

Մինչդեռ, հայաստանյան ներքաղաքական դաշտի և ներկապնակի մասին խոսելիս նախկին-ներկան թերևս պետք է դիտարկել շատ լայն համատեքստով, ներառելով նախկին իշխանություններն ու ընդդիմությունները, ընդհանրապես նախահեղափոխական ներքաղաքական կյանքի հիմնական պալիտրան՝ իր մեծ ու փոքր գույներով: Խնդիրն այն է, որ սպառվել է այդ գունապնակն ամբողջությամբ, ոչ թե մեկ-երկու գերակա գույն: Հայաստանի հետխորհրդային, անկախության մոտ երեք տասնամյակի ընթացքը վկայել է քաղաքականության տոտալ անարդյունավետության մասին, ոչ թե մասնակի իշխանական կամ մասնակի ընդդիմադիր: Եթե կան ուժեր, որոնք իրենց համարել ու համարում են թե՛ մեկին, թե՛ մյուսին մերժող ու այլընտրանք, միևնույն է, նրանք գործնականում ևս սպառված են, որովհետև նրանք էլ անկարող են եղել երեք տասնամյակի կամ այդ շրջանակում իքս ժամանակահատվածի ընթացքում կառուցել հանրության հետ այնպիսի երկխոսությունը, որը իրենց կդարձներ վճռորոշ ներքաղաքական գործոն, ինչի հետ հաշվի կնստեին թե՛ ներսում, թե՛ դրսում:

Հայաստանում այդ իմաստով «նախկին-ներկայից դուրս» խնդիրը քաղաքական ներկապնակի՝ գործնականում ամբողջությամբ փոփոխությունն է, հետևաբար՝ բոլորովին նոր քաղաքական գույների, ասել է թեգաղափարաբանություն, բովանդակություն, փաթեթավորում բաղադրիչների նոր հավաքականությամբ միավորների ձևավորումը: Դա է, որ լինելու է բավականին բարդ, տարիների համբերատար, տքնաջան աշխատանք, երկարաժամկետ ծրագրավորում և հաշվարկ, երկարաժամկետ քաղաքական ճարտարապետություն պահանջող գործընթաց: Այդ գործընթացի տևականությունն ու տարողունակությունն է, որ օբյեկտիվորեն ստեղծելու է մի նոր վիճակ, երբ առանցքում արդեն լինելու է հենց գաղափարաբանությունը, ոչ թե փրկչային կռապաշտությունը՝ դրական, թե բացասական երանգների կշռմամբ: Երկարաժամկետ քաղաքական աշխատանքի տրամաբանությամբ կազմավորված գործընթացն է, որ «փրկչի» ապակառուցողական և վտանգավոր «մեխը» հանելու է հայկական քաղաքականության «ոտքից» և հանրությանը տալու է թե՛ քաղաքականության չափման, թե՛ մասնակցայնության, ներառականության բոլորովին նոր չափանիշներ և չափորոշիչներ: Դրանց հիմքում լինելու է հենց աշխատանքը և արդյունքը, հընթացս նաև համատեղ ջանքով կառուցվող:

Այսինքն՝ քաղաքական նոր որակի համար էական դեր է ունենալու թերևս առավելագույն ներառականության սկզբունքը՝ ամենատարբեր բնույթի և տիպի նախաձեռնությունների միջոցով քաղաքացիներին քաղաքական շինարարության դաշտ ընդգրկելու համար: Հայաստանում սպառվել են ոչ միայն քաղաքական գաղափարների և հանրային ուղենիշների ձևավորման առաքելության ֆորմալ կրող քաղաքական ամենատարբեր միավորները, այլ մեխանիզմներն ընդհանրապես: Նախկին-ներկա դիսկուրսից հանրային-քաղաքական կյանքը դուրս բերելը պետք է ունենա խնդրի հենց այդ լայն ախտորոշումն ու, ըստ այդմ, պարունակի լուծումների լայն և խորքային պաշարի փնտրտուք: Հակառակ պարագայում, հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը դոփելու է տեղում: Կփոխվեն անուններ, կփոխվեն հապավումներ, կփոխվի հերթականություն, բայց ցիկլը կկատարի ընդամենը հերթական պտույտը: