• Fri. Apr 23rd, 2021

Մահացած երեխայի մայրը, խորթ հայրն ու տատը խոստովանական ցուցմունք են տվել

Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնել են, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։

Երեխայի մարմնին վնասվածքներ են եղել։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ են սկսել՝ պարզելով բոլորովին այլ բան։

Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվել են նաև քննչական գործողություններ։

Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։

Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։