• Fri. Apr 23rd, 2021

Ո՞ւմ օգտին է Հայաստանում աշխատում ժամանակը, ո՞ր քաղաքական ուժի

Արտահերթ ընտրության հարցում նվազագույնը «թատերական դադարի» ազդակը, որ հղեց «Իմ քայլը» քաղաքական դաշտին, ում համար է հնարավորություն և ում համար է խնդիր: Այդ հարցը վերջին օրերին քննարկվում է հաճախ: Ո՞ւմ օգտին է Հայաստանում աշխատում ժամանակը, ո՞ր քաղաքական ուժի:

Օրինակ՝ կա կարծիք, թե ժամանակը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի օգտին, որը ակնկալում է Նիկոլ Փաշինյանից դժգոհության խորացում և սեփական քաղաքական կապիտալի ավելացում: Բայց պետք է նկատել, որ երկու այդ իրողությունները, մեղմ ասած, այնքան էլ ուղիղ կապակցվածության մեջ չեն: Եթե խորանում է դժգոհություն Փաշինյանի թիմից, դա դեռ չի նշանակում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահության ավելացում: Եվ այս իրողությունը վերաբերում է թերևս Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և նրանց միջև եղած հարաբերակցությանը: Հայաստանում ներքաղաքական, հասարակական-քաղաքական և հանրային հոգեբանական իրողությունները ներկայումս այնպիսին են, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնվել են «սուվերեն վարկանիշի» ելակետում:

Այսինքն՝ նրանք գործնականում չեն կարող իրենց հանդեպ հանրային վստահություն բարձրացնել՝ այլոց հանդեպ վստահությունը նվազեցնելով: Իհարկե, անուղղակի իմաստով կա հետևյալը. նվազեցնելով մրցակցի հանդեպ վարկանիշը, որևէ ուժ ավելացնում է իր վարկանիշը եթե ոչ բացարձակ թվային, ապա թեկուզ տեսակարար կշռի իմաստով: Հնարավոր է, սակայն ամբողջ հարցն այս դեպքում այն է, որ Հայաստանում ներկայումս երևի թե չկա ուժ, որը ունի 10-15 տոկոսից ավելի վարկանիշ: Ինչպիսին է 70 տոկոս ունեցող իշխանության վարկանիշը, պարզ չէ, սակայն որքան էլ մեծ է դժգոհությունը, այդուհանդերձ, նախկին համակարգի և այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխուժությունը ոչ թե խորացնում է Փաշինյանի հանդեպ դժգոհությունը, այլ հակառակը՝ կանխում նրա հանդեպ դժգոհության ծավալումը: Թեկուզ արդեն պասիվ աջակցության տրամաբանությամբ, բայց Փաշինյանը շարունակում է թերևս մնալ քաղաքական դասավորության առաջատար: Ըստ այդմ, արտահերթ ընտրությունը Հայաստանում, թերևս, ավելի շատ լինելու է պայքար ընդդիմության կամ երկրորդի, քան պայքար իշխանության համար: Իսկ այդ իմաստով, պետք է արձանագրել, որ առավելագույն հաջողության հնարավորություն ունի նախկին կառավարող համակարգը, որը թերևս ունի աջակցության բավականին կայուն շրջանակ և այդ շրջանակի հետ փոխհարաբերության միանգամայն հասկանալի լեզու, նաև անհրաժեշտ ռեսուրսներ:

Հայաստանում ներկայումս այդ սեգմենտն է, որ հավակնում է լինել «ինստիտուցիոնալ» ընդդիմություն, ինչպես էլ վերաբերի հանրության այս կամ այն շերտը այդ սեգմենտի ուժերին: Արտահերթ ընտրության հետաձգումն այդ իմաստով հետաձգում է խորհրդարանում երկրորդ բևեռի դերում այդ սեգմենտի արձանագրումը: