• Fri. Mar 5th, 2021

Եվրամիության հանդեպ Ռուսաստանի այդօրինակ հռետորաբանությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սոլովյով լայվի»-ն տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունը Եվրամիության հետ, եթե վերջինս նոր պատժամիջոցներ կիրառի, հատկապես տնտեսության զգայուն ոլորտների նկատմամբ:

Լավրովը հայտարարել է, որ իրենք չեն ուզում կտրվել համաշխարհային կյանքից, բայց պետք է լինել ամեն ինչի պատրաստ: «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»,- հայտարարել է Լավրովը:

Ի՞նչ է դա՝ քողարկված, դիվանագիտական լեզվով պատերազմի սպառնալի՞ք Եվրամիությանը, թե՞ պարզապես Ռուսաստանը փորձում է հավաստիացնել, թե պատրաստ է դիմակայել նաև նոր պատժամիջոցների և հնարավոր չէ դրանցով Մոսկվային պարտադրել համակեցության որևէ պայման կամ կանոն: Ըստ ամենայնի թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Լավրովի սուր արձագանքը, իհարկե, նախևառաջ վկայում է, որ պատժամիջոցները այդուհանդերձ Ռուսաստանի համար դարձել են խիստ զգայուն հանգամանք, այլապես դիվանագետ Լավրովը չէր տա այդպիսի բավականին զգայական արձագանք: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար հարցը զգայուն է դարձել թերևս այն պատճառով, որ տնտեսական խնդիրներից բացի, որոնք իրենց հերթին ազդում են ՌԴ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական կարողությունների վրա, դրանք էական խմորումներ են առաջացրել նաև Ռուսաստանի իշխանական վերնախավի խոհանոցում՝ առաջ բերելով ներէլիտային դիմակայության և պայքարի նոր ալիք:

Այսպես թե այնպես, Եվրամիության հանդեպ Ռուսաստանի այդօրինակ հռետորաբանությունը հնչում է Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությանը զուգահեռ, ըստ որի՝ 2021 թվականի մարտի 1-ից համաձայնագիրը մտնում է ուժի մեջ: Դա նշանակում է նոր որակի կամ առնվազն նոր մակարդակի հարաբերության մեկնարկ Հայաստանի ու Եվրամիության միջև: Մինչդեռ Լավրովի շանտաժային տողատակով հայտարարությունը իր հերթին հնչում է իբրև Եվրամիություն-Ռուսաստան բավականին կոնֆլիկտային նոր աստիճանի հեռանկար, Հայաստանի համար խիստ անցանկալի և վտանգավոր հեռանկար:

Անկասկած է, որ ԵՄ-ՌԴ փոխհարաբերության լարվածության նոր աստիճանը բերելու է Ռուսաստանի հետխորհրդային տարածքում առավել կոշտ և առավել ագրեսիվ քաղաքականության, համենայնդեպս քանի դեռ Մոսկվայում կլինի ներկայիս ներիշխանական և քաղաքական ստատուս-քվոն: Իսկ այդ առավել ագրեսիվ հետխորհրդային քաղաքականության հեռանկարը Հայաստանի համար իսկապես մարտահրավեր է, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ հարաբերության դրական ազդակի պայմաններում:

Հայաստանից պահանջվելու է իսկապես արդյունավետ և հմուտ դիվանագիտություն՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունը Ռուսաստան-ԵՄ լարվածության հնարավոր էսկալացիայից առավելագույնս ապահովելու համար: