• Fri. Mar 5th, 2021

Թուրքիայի վարքագիծը կախված է լինելու նրանից, թե ինչ վարքագիծ է դրսևորելու Ռուսաստանը

Թուրքիան պատճառ չունի այլևս Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, խոսելով Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի և մթնոլորտի բարելավման խնդրի մասին: Արդյո՞ք Երևանը փորձում է Անկարայի հետ հաստատել որոշակի շփումներ երկկողմ հարաբերության կարգավորման համար, բայց արժանանում է մերժման:

Ակնառու է, որ Անկարան ունի պահանջներ և Արցախյան գոտում ստատուս-քվոյի փոփոխությունը Թուրքիան բավարար չի համարելու Հայաստանի հետ հարաբերության գնալու համար: Այդ առումով ստացվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան ձեռք է բերել այսպես ասած՝ ռեգիոնալ իրավասություններ, այդ թվում՝ Աղդամում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնի տեսքով, միաժամանակ չի ստանձնել որևէ այսպես ասած պարտավորություն: Եթե, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որոշակի պարտավորություն է սահմանում Ռուսաստանի համար, իհարկե ոչ ուղղակի, թեկուզ առնվազն բարոյական և քաղաքական իմաստով, ապա Թուրքիայի որևէ պարտավորության մասին, կարծես թե, խոսք չկա: Անկարան չունի պարտավորություն անգամ ռեգիոն բերած իր ահաբեկիչ-վարձկաններին հեռացնելու հարցում: Իհարկե, դրանց ներկայությունը մյուս կողմից կարող է Թուրքիայի համար վերածվել նաև ծուղակի, ինչն, իհարկե, այլ թեմա է:

Բայց ներկայումս փաստ է, որ Թուրքիան սկսել է պատերազմ Կովկասում, Թուրքիան վարել է այդ պատերազմն ահաբեկիչների և Ադրբեջանի միջոցով, Թուրքիան ձևավորել է այդ պատերազմի հետևանքով նոր ստատուս-քվո և կարգավիճակ է ստացել արցախյան գոտում՝ մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնով, և այդ ամենի դիմաց, ըստ էության, չի ստանձնել որևէ թեկուզ ֆորմալ պատասխանատվություն, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորման և Հայաստանի ապաշրջափակման իմաստով:

Թուրքիան Հայաստանից անկասկած պահանջելու է հրաժարում հայկական հարցից, հայ-թուրքական սահմանի ճանաչում: Այլ կերպ ասած, Թուրքիան դեռ ունի խնդիր ազատվել հայկական հարցից, ըստ այդմ՝ ավելի ինքնավստահ դառնալ Արևմուտքի հետ հարաբերությունում, որը Անկարայի դեմ խաղաքարտերի շարքում, անշուշտ, մշտապես դիտարկել և դիտարկում է հայկական հարցը, Հայ դատը: Ամբողջ հարցն այստեղ այն է, սակայն, որ Հայաստանի համար տվյալ պարագայում Թուրքիայի դիրքորոշումը ամենևին անսպասելի կամ անակնկալ չէ: Այստեղ էական է այն, թե ինչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը՝ ռուս-թուրքական պայմանագրի մյուս կողմը, որը գործնականում հենց հայկական հարցը կոնսերվացնելու պայմանագիրն է, որ կնքվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև:

Թուրքիայի վարքագիծը կախված է լինելու նրանից, թե ինչ վարքագիծ է դրսևորելու Ռուսաստանը: Ռուսաստանը միանալո՞ւ է Հայաստանի հանդեպ Թուրքիայի պահանջներին, թե՞ կարող է մատուցել անակնկալ և առաջին անգամ գործնականում հարել հայկական շահերին: Արդյո՞ք դրա գին է սահմանվել «խոր ինտեգրացիան», թե՞ պարզապես հայկական քաղաքական ուժերը իշխանության համար պայքարում պատրաստ են միայն ծառայություն առաջարկել Ռուսաստանին՝ երբեք չդնելով հարցադրումներ հայկական պետական և ազգային շահերի պաշտպանության առումով: Համենայնդեպս, մարտին՝ ռուս-թուրքական հակահայ 100-ամյա պայմանագրի տարելիցին ընդառաջ, Հայաստանում ո՞ր քաղաքական ուժն է ունենալու Ռուսաստանին իր հակահայ դիրքորոշման հետ առերեսելու և պատմա-քաղաքական այդ ակտի ու ռեգիոնալ ապագայի շուրջ նոր օրակարգի վերաբերյալ հարցադրում անելու քաղաքական համարձակություն: