• Fri. Mar 5th, 2021

Կառավարող ուժը արմատական ընդդիմությանը ստիպում է ավելի աշխո՞ւյժ լինել փողոցում

«Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը արձանագրվել է, որ չկա արտահերթ ընտրության հանրային պահանջ, և մեծամասնությունը շարունակում է աջակցել Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, որ նա հանրությանը ներկայացրել էր երկրի հետպատերազմյան վերականգնման խնդրի համատեքստում: Այդ քարտեզը ժամանակային կտրվածքով կազմված էր մինչև հունիս:

Ըստ այդմ, «Իմ քայլի» և Փաշինյանի հանդիպման արձանագրումից հնարավոր է եզրակացնել, որ այս պահին կառավարող մեծամասնությունն ակնարկում է, որ առնվազն մինչև հունիս մտադիր չէ նախաձեռնել արտահերթ ընտրության տանող գործընթաց:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ «Իմ քայլից» եկած ազդակը հնչում է արտահերթ ընտրության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, այսպես ասած՝ 17-ի «վեցյակի» միջև այդ հարցի շուրջ հակասական և բուռն քննարկումների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցի ֆոնին, որտեղից նա հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին՝ խորհրդարանի ընտրությանը մասնակցության և, այսպես ասած, երկրորդ բևեռի հեռանկարի համատեքստում:

Դրան զուգահեռ, հատկանշական է և այն, որ 17-ը հայտարարեց փետրվարի 20-ից անհնազանդության, բողոքի ակցիաները ամբողջ ծավալով սկսելու մասին: Արդյոք Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարում է, որ եթե 17-ը համաձայն չէ փողոցում գործընթացները տեղափոխել ընտրատեղամաս, ապա իր համար ընդհանրապես կորո՞ւմ է արտահերթ ընտրության մոտիվացիան:

Պետք է նկատել, որ վարչապետ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունը որքան, այսպես ասած, հանրային վստահությունը չափելու միջոց է, կարևոր միջոց հետագա կառավարում իրականացնելու տեսանկյունից, նույնքան էլ անհրաժեշտ միջոց է քաղաքական իրավիճակի կայունացման և նվազագույն փոխհամաձայնության համատեքստում: Եթե արմատական ընդդիմությունը գնում է ոչ թե ընտրական, այլ փողոցային գործընթացի ճանապարհով, ապա ընտրության իմաստն իշխանության համար իսկապես հայտնվում է քաղաքական նպատակահարմարության հարցականի տակ:

Սրան էլ զուգահեռ՝ «Իմ քայլի» և Փաշինյանի հանդիպման արձանագրումը ըստ էության հանգում է նրան, որ կառավարող ուժը արմատական ընդդիմությանը ստիպում է ավելի աշխույժ լինել փողոցում: Արդյո՞ք պատճառն այն է, որ անցնող երկու-երեք ամիսներին փողոցում այդ ընդդիմությունը չստացավ այնպիսի աջակցություն, որը թույլ կտար էապես փոխել քաղաքական վիճակը և, առավել ևս, պարտադրել վարչապետի հրաժարական:

Եվ ըստ այդմ՝ կառավարող ուժը մղում է արմատական ընդդիմությանը մի դաշտ, որտեղ այն արդեն իսկ մատնվել է անհաջողության: Ըստ այդմ՝ մղում է ընտրությունից առաջ ավելի մաշվելո՞ւ, թե՞ վերախմբավորվելու և ներքին տարաձայնությունները կարգավորելու՝ ընտրական պրոցեսից առաջ, այն այսպես ասած՝ երկբևեռ տրամաբանության հեռանկարի համատեքստում, որի մասին Ռոբերտ Քոչարյանն էր ակնարկել Ռուսաստանում «Սպուտնիկին» տված հարցազրույցում: