• Fri. Mar 5th, 2021

Անպայման եկեղեցում մոմ կվառես. Ոստիկանության հերոս ծառայողը՝ Արմեն Գրիգորյան․ Տեսանյութ

Երբ հայրենիքին վտանգ է սպառնում՝ ոստիկանը զինվոր է։ ՀՀ ոստիկանությունը շարունակում է ներկայացնել զոհված ծառայողներին:

2020 թվականին սանձազերծված պատերազմի ժամանակ Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ մեկնեցին Արցախ։ Շատերն ընկան հանուն Հայրենիքի։ Նրանցից մեկն էր ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը:

Ծնունդով Գյումրիից էր, ոստիկանությունում ծառայությունը սկսել էր 2000 թվականին։ Ծառայել էր պետական պահպանության գլխավոր վարչությունում, տարածքային ստորաբաժանումներում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբում։

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան։ Տարիներ անց վերադարձել ու մեկնել էր Հադրութ՝ պարտադիր զինվորական ծառայության։

Զորացրվելուց հետո ծառայության անցնելով ոստիկանությունում, ապահովում էր բանկերից մեկի անվտանգությունը։ Պատերազմը սկսվելուն պես Արմեն Գրիգորյանը անցել է մարտական պատրաստություն ու մեկնել Արցախ։ Երբ Շուշի էր հասել, զանգել էր կնոջը։ «Ժամը 10-ն էր, որ զանգեց։ Ասաց՝ անպայման եկեղեցում մոմ կվառես»,-պատմում է կինը՝ Մարի Կարապետյանը։

Հոկտեմբերի 4-ին, ժամը 4-ի սահմաններում, Մարին գնացել է եկեղեցի։ Կատարել ամուսնու խնդրանքը։ Հենց նույն ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը զոհվել է արկի պայթյունից:

Ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական զորակցություն» մեդալով։ «Իսկ նրա անուն-ազգանունը հավերժ գրվեց հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիների շարքում»,-ասված է հաղորդագրության մեջ։