• Fri. Mar 5th, 2021

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, ովքեր են դիմել բժիշկներին․ Տեսանյութ

Փետրվարի 14-ին, ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդել փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:

Ըստ այդմ, գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:

Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

ՀՀ առողջապահության նախարարությունը երկրաշարժի թարմացված տվյալներն է ներկայացրել ժամը 14:00-ի դրությամբ:

Գիշերվա ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Հղիների առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը։

Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ  Հոգեկան առողջության հանրապետական կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանն, ըստ Առողջապահության նախարարության, կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կատարվածի մասին Կենտրոնի ադմինիստրացիան Ֆեյսբուքի էջում գրել է. «Սիրելի ընկերներ, հարազատներ. Տեղեկացնում ենք, որ երեկ, Նուբարաշենի անմիջական մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժածներ և վիրավորներ պացիենտների կամ աշխատակիցների մեջ ՉԿԱՆ։ Տնօրենը, տնտեսվարը և քաղպաշտպանության պատասխանատուն շրջայց են կատարել հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում և մասնաշենքերում, իսկ երեկոյան բոլոր մասնաշենքերը ուսումնասիրվել են նաև մասնագետների , այդ թվում ԱԻՆ աշխատակիցների կողմից։

Կան բազմաթիվ մանր ճաքեր, որոշ սահմանափակ հատվածներում ծեփը թափվել է, կան նոր առաջացած տեսանելի մակերեսային ճաքեր։

Հինգերորդ մասնաշենքի արտաքին պատերի որոշ հատվածներում, քարեր են թափվել, սակալն այս պահին այդ վնասվածքծերը վտանգ չեն ներկայացնում։ Առաջիկա օրերին կիրականացվի ավելի խորը և մասնագիտական ուսումնասիրություն։

Մեր պացիենտները երկրաշարժի սթրեսսից հետո հանգիստ գիշեր են անցկացրել։ՀԱՊԱԿ-ում ամեն ինչ ընթանում է հարթ և սովորական՝ ամենօրյա ռիթմով»:

ԱԻՆ-ը հրապարակել է մշակված ուղեցույց, որը բացատրում է, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ: Ուղեցույցը տեսանյութի տեքով է: Այն մեկնաբանել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։