• Fri. Mar 5th, 2021

Կկանգնեցնե՞նք, ուրեմն ոտքի կկանգնեն Հայաստանն ու Արցախը

44-օրյա պատերազմի ավարտից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակով Սփյուռքից փոխանցվել է 27 միլիոն դոլար: Այդ տեղեկությունը հրապարակվել է օրերս: Դա տեղեկություն է ոչ թե կարևոր հանգանակության, այլ, թերևս, էական խնդրի մասին: Խնդիր, որի լուծումը պատերազմից հետո կարևոր և անգամ կենսական է առավել քան երբևէ:

Պատերազմի օրերին հանգանակվել էր 150 միլիոն դոլար, որի մոտ կեսը՝ հայաստանյան ռեսուրսներից: Ակնառու է, որ թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմական շրջանում հավաքված, հանգանակված փողը, մեղմ ասած, հեռու է համահայկական ժողովրդագրական և ֆինանսական ռեսուրսին համարժեք լինելուց: Իհարկե, հանգանակություններ, օժանդակություններ կատարվել են բազմաթիվ այլ խողովակներով էլ, այսինքն՝ թիվը իրականում ավելին է, սակայն, մեծ հաշվով, այստեղ կա նաև անչափելիության և համակարգվածության հարց, ինչը ևս խնդիր է: Ի վերջո, այն, որ հայությունը այս տարիների ընթացքում չի կարողացել ձևավորել անգամ հանգանակության միասնական, կայուն, վստահելի և կառավարելի մեխանիզմ, որը վեր է քաղաքականությունից կամ խմբայնությունից, արդեն իսկ ազգային-պետական կյանքի և կազմակերպվածության վատ ցուցիչ է:

Բարեգործության, հանգանակությունների խողովակները կարող են լինել տարբեր, սակայն ակնառու է, որ աշխարհասփյուռ հայությունը պետք է ունենար մի լայն խողովակ, որը կծառայի համազգային ռազմավարական նպատակների և խնդիրների, հատկապես արտակարգ և արտառոց իրավիճակներում: Բայց, մինչև այդ միասնական համազգային, համահայկական խողովակներին գալը, նախ՝ իհարկե պետք էր գալ առանցքային փոխհամաձայնության՝ հայկական պետականության և դրա ապագայի ռազմավարության շուրջ: Չի եղել դա, ըստ այդմ՝ չէր կարող ձևավորվել դրա շարունակությունը՝ հայկական պետականության զարգացմանն ու հզորացմանը ծառայող համահայկական խողովակի և մեխանիզմի ձևավորումը: Ձևավորվել են անվանումներ, ցուցանակներ՝ «Հայաստան» հիմնադրամ, Սփյուռքի նախարարություն, համահայկական հարթակներ, սակայն այդ ամենը չի ստացել բովանդակություն՝ այն պարզ պատճառով, որ դրանց բովանդակությունը պետք է հիմնված, հենված լիներ հայկական պետության բովանդակությանը, որն իր հերթին պետք է ենթադրեր համակեցության և նպատակների ռազմավարություն՝ համապետական և հասարակական-քաղաքական, համազգային փոխհամաձայնությամբ: Դա չպետք է ենթադրեր մեկ ազգ՝ մեկ մտածողություն, այլ մեկ ազգ՝ և բազմազանությամբ հանդերձ, համակեցություն միասնական կանոնների շուրջ:

Այդ դեպքում, ինչպես պետական, այնպես էլ համահայկական ինստիտուտները չէին վերածվի օրվա իշխանության քաղաքական գործիքների, կամ իշխանությանը հարվածելու միջոցների: Հաղթանակից հետո չլուծված այդ խնդիրները առավել ևս չափազանց բարդ է լինելու լուծել պարտության պարագայում, հատկապես երբ այդ խնդիրների պատասխանատվությունը կրող իշխանական և ընդդիմադիր քաղաքական էլիտաների գերակշռող մեծամասնության հոգսը այժմ ընդամենը սեփական քաղաքական ճակատագիրն է, ոչ թե համահայկական ռեսուրսի մոբիլիզացիան՝ համազգային համակեցության և փոխհամաձայնության և, ըստ այդմ, հայկական պետականության վերականգնման հեռանկարի, գաղափարի և երազանքների շուրջ: Այժմ ընթանում է նույնիսկ համահայկական մեդիատեռոր, քարոզչական պատերազմ, թե ով ավելի անհույս կներկայացնի ներկան ու ապագան, հույս փայփայելով դրա միջոցով լույս գտնել սեփական քաղաքական ճակատագրի թունելի վերջում՝ թեկուզ և պետության ճակատագրին առնչվող լույսերը մարելու գնով: Կկանգնեցնե՞նք դա, ուրեմն ոտքի կկանգնեն Հայաստանն ու Արցախը: