• Fri. Mar 5th, 2021

Նոր սերնդի քաղաքականության ասպարեզում

Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ ինքնին ընտրության պահանջարկ: Վերստին հարկ է վերադառնալ թերևս ընտրություն հասկացության ընկալումներին:

Շատերը ընտրություն ասելով՝ հերթական, թե արտահերթ, ընկալում են զուտ մեխանիկական գործողություն կամ գործընթաց, որը հնարավորություն է տալիս ազդել քաղաքականության վրա, ընտրել այս կամ այն ուժին, կամ քաղաքական ուժերին տալիս է միմյանց հաղթելու հնարավորություն: Մինչդեռ, ընտրություն հասկացությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ, չմնալով զուտ մեխանիկական կամ տեխնիկական տիրույթում: Ընդ որում, ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նաև նորություն:

Թերևս, այստեղ է նաև զարգացած քաղաքական համակարգով, կայացած քաղաքական ինստիտուտներով և քաղաքական մշակույթով երկրներում գործում չգրված կանոնը, չգրված հանգամանքը, որ պարտված, անհաջողության մատնված գործիչը այլևս թողնում է ասպարեզը նոր գործչի: Այսինքն՝ քաղաքական ուժերը շարունակաբար փոխարինում են միմյանց, նոր քաղաքական ուժեր այդ երկրներում առաջանում են խիստ հազվադեպ, բացառիկ դեպքերում, բայց ամեն ընտրության ձևավորվում են տվյալ ուժերի նոր առաջատար թիմեր, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր կոնցեպտներ, որովհետև ընտրությունը աներկբայորեն պահանջում է նորություն:

Դա հատկապես կարևոր հանգամանք է արագ փոփոխվող, արագ առաջ գնացող աշխարհում, որտեղ ժամանակը բազմապատկել է իր արագությունը: Հայաստանում քաղաքական ինստիտուտները կայացած չեն, չկա արդիական քաղաքական մշակույթ, չկա ավանդութային նշանակալի բազա, Հայաստանում դեռևս ինստիտուցիոնալ խմորումների փուլն է և պարբերաբար ի հայտ են գալիս քաղաքական ուժեր, քաղաքական ձևաչափեր: Սակայն քաղաքական էվոլյուցիայի այդ փուլում անգամ Հայաստանի քաղաքացիները ընտրություն երևույթը պետք է ասոցացնեն բովանդակության, իսկ այդ բովանդակությունը նաև նորության հետ:

Հայաստանի քաղաքացիները քաղաքականությամբ զբաղված անձանցից և ինստիտուտներից պետք է ոչ միայն ակնկալեն, այլ ըստ էության պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի պատերազմում ազգերը, պետություններն ու ժողովուրդները զիջում են հենց այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում: