• Fri. Mar 5th, 2021

Ապագայի սցենարային բազմազանությամբ առաջարկներ և ուղենիշներ

Հայաստանում արտահերթ ընտրության հեռանկարի շուրջ այսպես կոչված բանավեճը իրականում ավելի շուտ վկայում է օրակարգային դատարկության մասին: Քաղաքական դերակատարները վիճում են, բանավիճում, միմյանց սուր քննադատում, թե երբ, ինչ արագությամբ կամ ինչ ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունն է փրկելու երկիրը:

Այն դեպքում, երբ երկիրը, պետությունը փրկելու, իսկ ավելի շուտ ոչ թե փրկելու, այլ պարզապես ընկած, ծանրացած, վիրավոր և խոցված վիճակից բուժելու, վերականգնելու, մեջքը ուղղելու է բովանդակությունը՝ գաղափարական, ծրագրային բովանդակությունը, որը պետք է վարակի հանրությանը, միավորի, մոտիվացնի տարբեր շերտերի, մղի նախաձեռնությունների, ուրվագծի որևէ ապագա, ընդ որում՝ ոչ թե կամ-կամ, այլ բազմազանության սկզբունքով:

Այսինքն՝ անգամ ապագան կառուցելու հեռանկարը չպետք է պայմանավորվի մեկ հանգամանքով՝ եթե չլինի իքս կամ իգրեկ բանը, չենք ունենա ապագա: Հակառակը՝ Հայաստանի իրական էլիտայի հավակնություն ունեցող ուժերը պետք է կարողանան հանրությանը տալ մի կողմից առարկայական ապագայի, մյուս կողմից՝ այդպիսի ապագայի սցենարային բազմազանությամբ առաջարկներ և ուղենիշներ: Ինչ ունենք մենք դրա փոխարեն:

Դրա փոխարեն մենք ունենք մեխանիկական վեճ արտահերթ ընտրության, և մեկ էլ մեդիատեռոր «դավաճանության», «դավաճանների» և «փրկիչների» հավերժական թեմայով: Մեդիատեռոր, որտեղ լավագույն դեպքում այդ ամենը համեմվում է պարզ հայրենասիրական ճարտասանությամբ, որն իրականում դարձյալ՝ իր հնչեղ փաթեթից զատ, չի պարունակում որևէ կոնկրետ, ռացիոնալ ուղենշում, թե Հայաստանն ինչպես պետք է ոտքի կանգնի, մեջքն ուղղի և առաջ շարժվի շարունակվող բարդագույն աշխարհաքաղաքական միջավայրում, բարդագույն ռեգիոնում: Մինչդեռ, եթե չկա այդ ամենը, արտահերթ ընտրությունը Հայաստանում ընդամենը լեգիտիմացնելու է քաղաքական դատարկությունը և, թող ներվի ասել՝ դատարկաբանությունը, լեգիտիմացնելու է հայրենասիրական կենացների նոր շրջափուլը, այն դեպքում, երբ Հայաստանը և Արցախը, մեղմ ասած, դեռ երկար են փորձելու մարսել նախորդ շրջափուլի հետևանքը:

Այդպիսով, Հայաստանի պետական ու հանրային խնդիրը այդ գաղափարական, մտարտադրության քաղաքական վակուումը լրացնելն է: Նրանք, ովքեր կլրացնեն այն, կհավակնեն դառնալ հայկական պետականության իրական էլիտա, որն ունակ կլինի գտնել նաև այդ պետականության գործընկերներ համաշխարհային քաղաքականության տարբեր դերակատարների շրջանում: