• Fri. Mar 5th, 2021

Հայ – Բրիտականական կապերի նոր որակ, նոր դեսպանատուն են բացում

Փետրվարի 16-ին Հայաստան է ժամանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը: Նա Հայաստան կայցելի առաջին անգամ: Մինչ այցի մեկնարկը արդեն իսկ նկատելի է դրա շուրջ մթնոլորտային ուշագրավ իրողություն:

Հաղորդագրության մեջ, որ տարածել է բրիտանական կողմը, նշվում է, որ նա «կայցելի Հայաստան՝ պատմական մայրաքաղաք Երևան և Վանաձոր»: Ի՞նչ է նշանակում պատմական, կամ ավելի շուտ՝ ի՞նչ իմաստ է պարունակում մայրաքաղաք Երևանի առումով պատմական բնորոշումը շեշտադրելը: Արդյոք ակնա՞րկ է, որ Մեծ Բրիտանիայի նախարարի այցի օրակարգում քաղաքական հարցերը շաղկապվելու են պատմական հանգամանքների հետ:

Մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ բրիտանացի նախարարը Երևանում մասնակցելու է Մեծ Բրիտանիայի դեսպանության բացմանը: Այդ հանգամանքի ուշագրավությունը այն է, որ 2016 թվականի գարնանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը լքեց իր տեղակայման շենքը, որ գտնվում էր Բաղրամյան փողոցի վրա՝ Հայաստանի նախագահի նստավայրի հարևանությամբ: Այդ ժամանակից մինչ օրս Մեծ Բրիտանիան Հայաստանում չունի դեսպանության շենք: Այդպես էլ պարզ չեղավ, թե որն էր շենքը ըստ էության շուտափույթ թողնելու պատճառը: Խոսակցությունների մակարդակով շրջանառվեց, թե եղել են խնդիրներ գաղտնալսումների հետ կապված: Այդ խոսակցությունները չեն ստացել որևէ պաշտոնական հաստատում, բայց իրավիճակը դեսպանության շենքի հետ կապված իրապես հետաքրքիր էր:

Միևնույն ժամանակ, տևական ժամանակ Հայաստանում բաց մնաց նաև Մեծ Բրիտանիայի դեսպանի հարցը: 2019-ին այդ պաշտոնին նշանակվեց ազգությամբ հայ բրիտանացի դիվանագետ Ալան Անդրանիկի Գոգբաշյանը, սակայն նա չհասցրեց ժամանել Երևան, նրա նշանակումը Լոնդոնը չեղարկեց և նրան տեղափոխեց այլ աշխատանքի: Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան նշանակվեց միայն 2020 թվականի պատերազմից հետո, դեկտեմբերին: Այդ պաշտոնին նշանակվել է Ջոն Գալագերը: Ընդ որում, հետաքրքիր է, որ մինչ այդ նա պաշտոնավարել է իբրև փոխդեսպան Արգենտինայում՝ 2015-19 թվականներին: Այդ փաստը հետաքրքիր է արգենտինա-բրիտանական հարաբերության առանձնահատկությամբ, որ գալիս է դեռևս Ֆոլկլենդի պատերազմի շրջանից և անցնում լարվածության մի քանի բռնկումների միջով: Կողմերը հերթական անգամ միայն 2016-ին պայմանավորվեցին կարգավորել հարաբերությունը:

Արդյոք Գալագերի երևանյան նշանակման հարցում դեր ունեցե՞լ է, այսպես ասած, էքստրեմալ դիվանագիտական ուղղությամբ նրա աշխատանքի փորձը, և արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ հայաստանյան ուղղությունն էլ Բրիտանիայի համար ըստ էության դիտվում է այդպիսին, մասնավորապես 2020 թվականի արցախյան պատերազմի և դրա հետևանքի ֆոնին: Առավել ևս, որ կան որոշակի կասկածներ կամ ենթադրություններ այդ պատերազմում Մեծ Բրիտանիայի լատենտ դերակատարման կամ շահագրգռությունների իմաստով:

Հայտնի է բրիտանական նավթային հսկա ԲՓ-ի հետաքրքրությունը Բաքվում, մյուս կողմից՝ պատերազմից կարճ ժամանակ առաջ բրիտանական հռչակավոր ՄԻ-6-ի՝ հատուկ ծառայության տնօրեն նշանակվեց Թուրքիայում բրիտանական դեսպան աշխատած, ըստ միջազգային մամուլի՝ Էրդողանի հետ ջերմ հարաբերություն ունեցած և նաև այդ խողովակով ադրբեջանական վերնախավի հետ շփված Ռիչարդ Մուրը:

Ի վերջո, Արցախի դեմ պատերազմի թերևս վճռորոշ փուլում՝ հոկտեմբերի 19-ին, ՄԱԿ ԱԽ նիստում տեղի էր ունեցել ուշագրավ բան, որի մասին հայտնեց այդ ժամանակ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրներից մեկը հոկտեմբերի 19-ին ԱԽ արտահերթ նիստում տապալել է այդ հինգ անդամների շարքում գտնվող Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների պատրաստած հայտարարության ընդունումը: Մյուս երկու անդամները Չինաստանն ու Մեծ Բրիտանիան էին: