• Fri. Mar 5th, 2021

Ով է Հայաստանը հասցրել ցուգցվանգի

Ես ցուգցվանգի մեջ էի, իր հարցազրույցում խոսելով 2018-ի իրադարձությունների մասին, հայտարարում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձին անդրադարձել եմ այդ հայտարարության քաղաքական հնարավոր տողատակին, որ ցուգցվանգը թերևս վերաբերում է ավելի շատ և ավելի շուտ վարչապետ գնալու որոշմանը, քան հրաժարականին:

Այդ տողատակը դիտարկելու դեռևս շատ առիթներ կլինեն, իսկ առայժմ արձանագրենք այն, որ 2018 թվականի ապրիլին ցուգցվանգի առաջ էր Հայաստանն ընդհանրապես: Խոշոր հաշվով, հեղափոխական իրադարձությունը դեռևս որևէ երկրում չի բերել միարժեք, թռիչքային զարգացման, որովհետև պատմա-քաղաքական օրինաչափությամբ հեղափոխությանը հաջորդում է հակահեղափոխությունը՝ իր կա՛մ ակտիվ, կա՛մ սողացող տեսքով:

Ընդ որում, հակահեղափոխություն ասվածը Հայաստանում որպես կանոն դիտարկվել ու դիտարկվում է նախկին իշխող համակարգը, նախկին իշխանությունը ներկայացնող գործիչների կամ խմբերի իշխանական ռևանշի տեսքով: Դա թյուր ընկալում է: Խնդիրը իշխանական ռևանշը չէ, այլ շատ ավելի ներքև գտնվող շերտերում առաջացող դժգոհությունն ու անհարմարավետությունը, երբ փլուզվում է մի համակարգ, իսկ մյուսի ձևավորումը պահանջում է տևական ժամանակ և ջանք:

Հակահեղափոխությունը այն մարդկանց տրամադրություններն են, որոնք նախկին համակարգում գտել էին իրենց տեղը, տեղավորվել, հարմարվել, կառուցել էին իրենց կենսագործունեության համակարգը՝ թեկուզ լինելով շատ իրողություններից դժգոհ: Հեղափոխությունը փլուզում է այդ համակարգերը, և այդ պահին նաև դրանց մեջ եղած մարդկանց թվում է, որ դա չի վերաբերելու իրենց անձնական կենսագործունեության համակարգին, այն շարունակվելու է նույն ձևով: Երբ նրանք տեսնում են, որ փլուզված է նաև այդ համակարգը, ժամանակի ընթացքում առաջանում է խուլ կամ բարձրաձայն դժգոհություն:

Դա է հակահեղափոխությունը, ոչ թե իշխանության ձգտող որևէ ուժ կամ գործիչ: Եվ այդ մակարդակում տրամադրությունն ըստ էության դառնում է հեղափոխության ավելի ու ավելի շոշափելի «հակակշիռ» իր բարդություններով: Ահա թե ինչու քաղաքական հեղափոխությունը գործնականում հարկադրված քայլ է որևէ հանրության կամ պետության համար, որովհետև էվոլյուցիոն, փուլային, շարունակվող զարգացումը նախընտրելի է բազմապատիկ ավելի: Բայց Հայաստանը հենց այդ առումով էր ցուգցվանգում, երբ մի կողմից ակնառու էր էվոլյուցիոն զարգացման ռեսուրսի լիակատար մսխվածությունն ու ակնկալիքների ավելի շուտ սպառումը, քան գեներացիան՝ այդ թվում նաև ռեգիոնալ քաղաքական և անվտանգային իրողություններից ելնելով, իսկ մյուս կողմից ակնառու էր դառնում, որ Հայաստանում չկա նաև «բարձրակարգ» հեղափոխական ռեսուրս:

Միևնույն ժամանակ ակնառու էր դառնում, որ Հայաստանի էական վերափոխման հնարավորություն ստանալու համար հեղափոխական բեկումը դառնում էր ավելի ու ավելի անհրաժեշտ և անխուսափելի: Հայաստանն այդ ցուգցվանգում հայտնվել է տարիների, ավելի քան երկու, մոտ երեք տասնամյակի պետական անարդյունավետ կառավարման, քաղաքական համակարգի կայացման փոխարեն քաղաքականությունը անձնական բարեկեցության ճանապարհի վերածելու հետևանքով: Հայաստանը ցուգցվանգում էր հայտնվել, որովհետև հայկական կառավարող վերնախավի դիրքում հայտնված մարդկանց ճնշող մեծամասնությունն ուզում էր հայտնվել թանկարժեք հանգստավայրերում, թանկարժեք որսատեղիներում, թանկարժեք դղյակներում, թանկարժեք առողջարաններում և զվարճանքի ու ժամանցի այլ թանկարժեք օբյեկտներում:

Այն դեպքում, երբ Հայաստանին շրջապատող և տարեցտարի անզեն աչքով անգամ տեսանելիորեն ուժգնացող անվտանգային մարտահրավերները պահանջում էին պետական և համահայկական ռեսուրսի առավելագույն մոբիլիզացիայի ուղղված քաղաքականություն, և իբրև դրա համոզչության և վստահելիության ուժեղ բաղադրիչ՝ անձնական օրինակի առկայություն: Հեղափոխությունը տվեց ցուգցվանգից դուրս գալու հնարավորություն, ինչը, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառների բերումով, ըստ էության, վերածվեց չօգտագործված հնարավորության: Պատերազմը խորացրեց Հայաստանի ցուգցվանգը, այլևս նոր և առավել բարդ հանգամանքներով, որոնք այլևս անբավարար են դիտարկում այն ճանապարհը, որով Հայաստանը ցուգցվանգից պետք է դուրս գար մինչև պատերազմ որևէ փուլում: Սակայն նույնն է գլխավոր խնդիրը՝ այդ ճանապարհը պետք է հանրությանը ցույց տա ազգային, պետական վերնախավը, և ավելին՝ այդ ճանապարհը ցույց տվողն է լինելու ազգային, պետական վերնախավը: