• Fri. Mar 5th, 2021

Գերեվարված զինծառայողների հարազատների ու ՀՀ վարչապետի հանդիպումն ավարտվել է

Գյումրիում քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու գերեվարված զինծառայողների հարազատների հանդիպումը Շիրակի մարզպետարանում: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այն փակ է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հանդիպման մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Փակ է եղել նաև Շիրակի մարզպետարանի մուտքը: Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել է գերեվարված յուրաքանչյուր զինծառայողի 1, խիստ անհրաժեշտության դեպքում՝ երկու ներկայացուցիչ:

Փետրվարի 10-ին գերեվարված զինծառայողների ծնողները տևական ժամանակ փակել էին Երևան-Գյումրի միջպետական և Գյումրի-Վանաձոր ճանապարհները և պահանջել հստակեցումներ իրենց որդիների գտնվելու վայրի, վերադարձի հետ կապված:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում:

Քննարկվել են մարզի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրները: Վարչապետը կարեւորել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ միասին ու համատեղ գործելու անհրաժեշտությունը:

«2019-ին մենք բավական տեսանելի ու շոշափելի առաջընթաց տեսանք Շիրակի մարզում, հետո, իհարկե, կորոնավիրուսն ու պատերազմը փոքր-ինչ խաթարեցին ընթացքը, բայց հիմա պետք է մտածենք նոր ծրագրեր, նոր խթաններ ստեղծել՝ ընդհանուր իրավիճակը փոխելու համար: Շիրակի մարզը, Գյումրին ու ամբողջ Հայաստանը պետք է բերել այնպիսի մակարդակի, որը կբավարարի մեզ բոլորիս»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է շարունակել արդեն իսկ մեկնարկած Գյումրին նորովի կառուցելու գործընթացը:

Այլ մանրամասներ՝ ՀՀ վարչապետի էջում հրապարակված տեսանյութում.