• Fri. Mar 5th, 2021

Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Սույն թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության  Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 2021 թվականի փետրվարի 13-ին  Հանրապետության  գլխավոր դատախազություն է ներկայացվել դիմումատուի բողոքը՝ հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները` բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու համար: Ներկայացված հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 2021 թվականի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որոնցից մեկը ձերբակալվել է»,-մ անրամասնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ Արցախի հանրապետության  դատախազությունը և ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ են վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում` պատշաճ միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: