• Fri. Apr 23rd, 2021

Դավաճանություն հայ ժողովրդի հանդեպ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչին երախտագիտությամբ

Փետրվարի 17-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ, ասվում է ՀՅԴ հաղորդագրության մեջ:

Չնայած ձմեռ է, բայց Կոպիրկինը ակտիվ հանդիպումների մեջ է՝ նախկին նախագահներից մինչեւ կվն-ականներ։ Նկատելի է, որ նա ունի քարտ-բլանշ նման ակտիվության եւ «կարգավորումների համար», եւ դա բնական է՝ Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական եւ արտաքին շարժերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Մոսկվայում, եւ ով ով, եթե ոչ դեսպանը պետք է լիներ առաջնագծում։

Այս ֆոնին, հատկանշական է հունվարի վերջին Հրապարակ թերթի մի հրապարակումը, ըստ որի՝ Հայաստանում ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից, համարելով, որ նա չի նպաստում իշխանափոխությանը, ու փորձում է անել ամեն բան, որպեսզի նրան հետ կանչեն Մոսկվա, եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը համոզվի, որ Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի։ Ընդդիմություն ասելով թերթն իհարկե նկատի ուներ դրա պրոռուսական հատվածին՝ 17-ի միավորմանն ու նախկին նախագահներին հարող շրջանակներին։

Դեսպանատունը բավական նյարդային էր արձագանքել այդ հրապարակմանը, պահանջելով ապացույցներ։ Արձագանքը խիստ «ռուսական էր», ինչպես ասենք Լավրովն էր պահանջում ապացույցներ՝ ի պատասխան քաղաքական գործիչներին թունավորելու կամ օդանավ խոցելու մեղադրանքներին։

Սակայն հետաքրքիրն այդտեղ այլ էր․ ստացվում է, որ 17-ում հավաքված շրջանակները, այդ թվում ՀՅԴ-ն, իսկապես համոզված էին, որ այն, ինչ տեղի է ունենում սեպտեմբերի 27-ից սկսած, հակասում է Ռուսաստանի շահերին։ Եվ ըստ այդմ Փաշինյանի հեռացումն էլ բխում է Ռուսաստանի շահերից։

Պուտին-Ալիեւ-Էրդողան եռյակը պահում է Նիկոլ Փաշինյանի կամակատար ռեժիմը, որն իսկական նվեր է եռյակի համար։ Դրան է ծառայեցվում 17-ի միավորման, ապա երկրորդ ու երրորդ նախագահների գործոնը։ Սա այս փուլում Փաշինյանի ռեժիմը փրկելու մարտավարությունն է։

Հիշվում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հրապարակ դուրս եկած ուժերն, այդ թվում դաշնակները այն համարեցին «դավաճանական կապիտուլյացիա», միեւնույն ժամանակ երախտագիտություն հայտնելով Վրադիմիր Վլադիմիրովիչին, ով հայտարարել էր, որ այդ հայտարարության հեղինակն ինքն է։ Սա արդեն ռազմավարություն է, եւ Լավրովն այն ժամանակ կանխավ բացատցրեց երեւանյան հրապարակ դուրս եկածներին, թե որն է լինելու նրանց դերը։ ՀՅԴ ղեկավարներն արձագանքեցին անմիջապես՝ թե իրենք վերջին տարիներին Ռուսաստանին են ծառայել։

Մոսկվան արդեն հասցրել է հայտարարել, որ պատերազմը ինքն է թույլ տվել, որ եռակողմ հայտարարության հեղինակն ինքն է, որ գործում է Անկարայի ու Բաքվի հետ սերտ համագործակցությամբ, որտեղ Երեւանը գործոն չէ, եւ այլն։ Այս ֆոնին, ավելի է ընդգծվում Փաշինյանի ռեժիմի երկարակեցությունն ապահովելու ռուսական սցենարի մեջ գտնվող շրջանակների խղճուկ վիճակը՝ անհամարժեքության ու կամակատարության, պարտադրված քարոզչական կաղապարների արանքում։

Երբեմնի հեղափոխական կուսակցության ղեկավարությունը Հայաստանում երկրորդ ու երրորդ նախագահների օրոք վերածվեց նախ մանրածախ առեւտրականների, ապա դռնապանների խմբակի, ստանձնելով հերթական անպատիվ դերը Հայաստանում։ Հանրությունը կարող էր այս իրավիճակում հենց Դաշնակցությունից ունենալ որոշակի ակնկալիքներ՝ գործողությունների ամենալայն ու բազմազան ընդգրկումով։

Փոխարենը ռուս դեսպանը երեւում է պետք է պարբերաբար բացատրի ռազմավարությունը՝ «դավաճանական կապիտուլյացիա Վլադիմիր Վլադիմիրովիչին երախտագիտությամբ»։