• Fri. Mar 5th, 2021

Ինչ կորոշեն ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան

Փետրվարի 18-ին կարևոր քննարկում տեղի կունենա եվրոպական երեք առաջատար երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: Քառյակը քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը՝ հատկապես ելնելով այն իրողությունից, որ օրեր առաջ ներկայացրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Ըստ նրա՝ Իրանը սկսել է մետաղական ուրանի մշակումը, ինչը միջուկային հայտնի համաձայնագրի խախտում է և թույլ կտա Իրանին ավելի մոտենալ միջուկային զենք ստեղծելուն: Ինչ որոշման կհանգի քառյակը Իրանի հարցում քննարկումից հետո: Դրանից կարող է էապես կախված լինել թե՛ միջազգային իրադրությունը, թե՛, մասնավորապես, իրավիճակը Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող հանգամանքներով ու գործոններով:

Ըստ էության քառյակի հանդիպումը կարող է կանխորոշել Իրանի շուրջ նոր իրավիճակ: Ինչով կբնորոշվի այդ իրավիճակը՝ օղակն ավելի սեղմելո՞ւ, թե՞ հակառակը՝ թուլացնելու միջոցով Իրանին միջուկային սպառազինությունից հետ պահելու և պայմանավորվածության գալու հեռանկարով:

Այստեղ անշուշտ որոշիչ գործոնները լինելու են շատ, ընդ որում՝ ակնառու է, որ քառյակի երկրները կարող են ունենալ տարբեր ռազմավարություններ ռեգիոնալ քաղաքականության լայն համատեքստում: Կլինի՞ Իրանի հարցում միասնականություն, թե՞ ոչ: Եթե տրամաբանությունը շարժվի Իրանի շուրջ օղակը սեղմելու ռեժիմով, ապա դա Հայաստանի համար թերևս ամենաանցանկալի տարբերակն է, քանի որ այդ տարբերակը մի կողմից՝ կարող է լուրջ սահմանափակումների հանգեցնել հայ-իրանական հարաբերության տեսանկյունից, իսկ այժմ այդ հարաբերության տնտեսական ներուժը առավել քան կարևոր է, մյուս կողմից՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու քաղաքականության խստացումը Թուրքիային թույլ կտա հավակնել ռեգիոնալ որոշիչ դերի ընդլայնման, ինչը էրդողանյան ագրեսիվ քաղաքականության պարագայում դառնում է բավականին վտանգավոր:

Մյուս կողմից, իհարկե, պետք չէ բացառել, որ սեղմելով Իրանի շուրջ օղակը՝ միևնույն ժամանակ քառյակը կարող է զսպել նաև Թուրքիային: Բոլոր դեպքերում, Հայաստանի համար բարենպաստ, շահեկան ռեժիմը կլինի իրանյան ուղղությամբ միջազգային դերակատարների և Թեհրանի համաձայնությունը:

Այստեղ, սակայն, էական դեր կխաղա նաև այն, ինչ տեղի է ունենում Իրանի ներսում: Իսկ Իրանը գնում է դեպի նախագահի ընտրություն, որը տեղի կունենա մի քանի ամիս անց: Նախագահի ընտրությունը լինելու է ռեֆորմիստական և պահպանողական թևերի միջև հերթական դիմակայությունը:

Մեծ է հավանականությունը, որ ռեֆորմիստական թևից նախագահ Ռոհանիի ութամյա կառավարմանը կարող է հաջորդել պահպանողականների նախագահի ընտրություն, որոնք սովորաբար ներկայանում են Արևմուտքի հետ ավելի կոշտ հարաբերության, դիմակայության դիրքերից:

Պահպանողականների դիրքերը Իրանի ներսում առավել ամրացան այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկեց ռեֆորմիստ Ռոհանիի և վեցյակի միջև ձեռք բերած համաձայնագրին ԱՄՆ մասնակցությունն ու անցավ կոշտ քաղաքականության: Պահպանողականները դա մատուցեցին իբրև ռեֆորմատորական թևի քաղաքականության տապալում: Նրանց ներքին դիրքերը որոշակի ավելի ամրացան 2020 թվականի հունվարին Թրամփի աննախադեպ որոշումից և դրա իրագործումից հետո՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Դրանից հետո պահպանողականները խոշոր հաղթանակ տարան խորհրդարանի ընտրությանը: Թեև Իրանի խորհրդարանը որոշում է քիչ բան, սակայն դա ինչ-որ իմաստով ինդիկատոր է ուժերի հարաբերակցության իմաստով:

Ըստ այդմ՝ արդյոք Արևմուտքը կորոշի՞ քայլեր ձեռնարկել Իրանի նախագահի ընտրությունից առաջ ուժերի այդ հարաբերակցությունը փոխելու, ըստ այդմ՝ ռեֆորմատորական թևի շանսերը բարձրացնելու ուղղությամբ: Հետաքրքիր է, որ որպես այդ թևի նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդ դիտարկվում է Իրանի ներկայիս արտգործնախարար Զարիֆը: Եթե ԱՄՆ-ը փորձի թուլացնել Իրանի հանդեպ ճնշումն ու գնալ համաձայնության, ապա հնարավոր է գործող թեհրանյան իշխանությունը դա ներկայացնի որպես հաջողություն, հատկապես պատժամիջոցների թուլացման դեպքում որոշակի տնտեսական էֆեկտի պայմաններում: Դրանով հանդերձ, ժամանակը կարող է չբավականացնել, և Իրանի հանդեպ քաղաքականության մեղմացումը կարող է «չփրկել» ռեֆորմիստներին, փոխարենը հավելյալ անուղղակի աջակցություն դառնալ պահպանողականների համար:

Միևնույն ժամանակ չի բացառվում և այն, որ պահպանողականները նախագահի ընտրությանը հաղթելուց հետո այդուամենայնիվ դրսևորեն Արևմուտքի հետ աշխատելու ցանկություն, քանի որ ակնհայտ է պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսական և քաղաքական թուլացումն ու ռեգիոնալ վտանգների գեներացիան, ինչը շարունակվելու և խորանալու դեպքում նրանց համար կարող է դառնալ «պյուռոսյան» հաղթանակ: