• Fri. Apr 23rd, 2021

82 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Անդրեյ Մյագկովը

Կյանքի 82-րդ տարում մահացել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Դաժան ռոմանս» և խորհրդային մի շարք այլ սիրված ֆիլմերից հայտնի դերասան, ռեժիսոր, գրող Անդրեյ Մյագկովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։

Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից է եղել քեռու դերը «Քեռու երազը» բեմադրության մեջ: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987-ից Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է եղել:

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» ֆիլմում, սակայն նրան համընդհանուր ճանաչում է բերել Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը: Համատեղ աշխատանքի ընթացքում Մյագկովը նկարահանվել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Դաժան ռոմանս» կինոնկարներում:

Ըստ կինոգետների՝ Անդրեյ Մյագկովը կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է, օրինակ, գիտնական Շվիրկովի դերը Մարլեն Խուցիևի «Վերջաբան» ժապավենում: