• Fri. Mar 5th, 2021

Հայաստանում փոփոխություն հնարավոր է ոչ թե իշխանափոխության, այլ ինքնափոխության միջոցով

Հայաստանի ներքաղաքական կյանքի երեք նախագահների «եռանկյունն» ըստ էության վերածվել է նոր «եռանկյունի», որտեղ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի «անկյունը» փոխարինվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանով կամ վերածվել է «քառանկյան»՝ ավելացել է վարչապետի «անկյունը»:

Խոշոր հաշվով դա է ներքաղաքական համակարգի տրանսֆորմացիայի պատկերը թավշյա հեղափոխությունից հետո, որ առավել սուր ընդգծվում է պատերազմից հետո: Հայաստանի ներքաղաքական կյանք ասվածը պարփակվում է այդ շրջանակում: Ընդ որում, հարկ է նկատել, որ այստեղ գործ ունենք ոչ միայն սուբյեկտիվ գործոններից, այլ նաև օբյեկտիվ իրողություններից բխող իրավիճակի, ներքաղաքական ստատուս-քվոյի հետ: Ինչպես փոխել այն՝ սա է հայկական հանրության և պետականության համար քաղաքական առանցքային խնդիրներից մեկը:

Բանն այն է, որ «եռանկյունը» իր քաղաքական բովանդակությամբ սպառել է իրեն դեռևս տարիներ առաջ: Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կամ տրանսֆորմացված երկրաչափական նոր պատկերը ևս սպառված է, որովհետև պատկերային տրանսֆորմացիա Հայաստանում տեղի է ունեցել, իսկ բովանդակային՝ ոչ: Այդ իմաստով է նաև ապագայի համար հույժ կարևոր անցյալի և ներկայի ախտորոշումը, պատերազմի պարտությունը զգայական գնահատականների դաշտից ռացիոնալ ախտորոշման դաշտ տեղափոխելն ու դրա լայն, ամբողջական համատեքստը հասկանալը: Միայն դա թույլ կտա պատկերացնել խնդիրը խորությամբ և արձանագրել, որ հարցը ամենևին այս կամ այն անձի կամ իշխանության, հարցը ամենևին կոռուպցիայի կամ ժողովրդավարության տիրույթում չէ կամ՝ միայն այդ տիրույթում չէ, այլ անկախ Հայաստանի քաղաքական բովանդակության բացակայության, գաղափարական ամլության, որին փոխարինել են ընդամենը այս կամ այն գաղափարի մակերես կամ փաթեթ հռչակագրերը, որոնցից այն կողմ դատարկություն է եղել անգամ դրա կրողների զգալի մասի մոտ: Դա է եղել Հայաստանը՝ զուգահեռ շրջապատող աշխարհի կողքին, որի փոփոխման արագությունը ծավալվել է երկրաչափական պրոգրեսիայով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի երկրաչափական «ճահճի» ֆոնին:

Հայաստանում փոփոխություն հնարավոր է ոչ թե իշխանափոխության, այլ ինքնափոխության միջոցով: Ինքնափոխությունն է լինելու Հայաստանում նաև իշխանափոխության բերող ճանապարհը, որն արդեն կբերի ոչ միայն նոր անունով կամ փաթեթավորումով, այլև նոր որակի և բովանդակության քաղաքական ստատուս-քվո, քաղաքական իշխանություն և ընդդիմություն: Իշխանությունը Հայաստանում վաղուց վերածվել է հետևանքի, ոչ թե պատճառի, ըստ այդմ, պետք է վերացնել հետևանքը՝ պատճառը վերացնելու և նոր մակարդակ բարձրանալու համար: Դրա վկայությունն են 2018-ի իրադարձությունները, երբ դրանց հիմնական կամ միակ թիրախը գործնականում հետևանքն էր՝ իշխանությունը, ոչ թե պատճառը՝ քաղաքականությունը: