• Mon. Mar 8th, 2021

Ջո Բայդենն ու Արմեն Սարգսյանը

Այսօր Մյունխենում սկսվելու է Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովն առցանց ռեժիմով, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Երկու տարի առաջ հենց Մյունխենի համաժողովին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի «շնորհիվ» հայտնի դարձավ, որ Բայդենն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու։

Մյունխենի համաժողովի շրջանակում Բայդենի հետ կարճ զրույցից հետո Արմեն Սարգսյանը հայտնվել էր ուշադրության կենտրոնում։ Ոտքի վրա զրույցի ժամանակ Հայաստանի նախագահը հնչեցրել էր ԱՄՆ ներքաղաքական կյանքի ամենաինտրիգային հարցերից մեկը՝ Բայդենը պատրաստվու՞մ է առաջադրվել 2020 թվականին նախագահական ընտրություններում։

Բայդենը, որ մինչ այդ բարձր ծիծաղում ու կատակում էր, միանգամից փոխեց զրույցի տոնը եւ շշուկով, գրեթե անձայն պատասխանեց։ Արմեն Սարգսյանի արձագանքն այդ պատասխանին նույնպես լսելի չէր։ Զրուցակիցներն սկսեցին շշուկով խոսել՝ էլ ավելի գրգռելով լրատվամիջոցների հետաքրքրությունը։

Հեռանալիս ԱՄՆ նախկին փոխնախագահը Հայաստանի նախագահին տվեց իր այցեքարտը։

«Օտար երկրի առաջնորդի հարցի շնորհիվ Բայդենը հայտնվեց ուշադրության կենտրոնում», – այդ առթիվ նկատել էր CNN հեռուստաընկերությունը։