• Fri. Mar 5th, 2021

Արթուր Դավթյանը դժգոհ է. 600 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատանքի արդյունքը չի երևում

Byhttp://Mitk.am

Feb 20, 2021

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատանքների ընթացքին։

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին, և այս նպատակով արդեն 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերից մինչև նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։ Վարչությունն էլ համակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Միևնույն ժամանակ, հաղորդագրության համաձայն, Արթուր Դավթյանը վարչության դատախազներին հանձնարարել է է՛լ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու և դատարան ուղարկելու համար:

Հենց այս հաղորդագրությունից էլ հասկանալի է դառնում, որ գլխավոր դատախազը, ըստ էության, դժգոհ է վարչության կատարած աշխատանքներից և առաջիկայում է՛լ ավելի ակտիվություն է ակնկալում և սպասում, որ պետք է գործեր ուղարկվեն դատարան, ինչը մինչև այժմ չի եղել: Այսինքն՝ թեև դատախազությունն այդքան նյութ է ստացել, սակայն դրանք պատշաճ քննության չեն անցել ու դատարան չեն ուղարկվել, և աշխատանքի ծավալը չի գոհացրել դատախազին:

Հավելենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետը, այսինքն՝ Սրբուհի Գալյանը, ստանում է 660 հազար դրամ աշխատավարձ: Վարչության պետի տեղակալը ստանում է 630 հազար, իսկ ավագ դատախազն էլ՝ 600 հազար դրամ աշխատավարձ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է, և նա ստանում է մոտ 570 հազար դրամ աշխատավարձ: Սակայն այս ամենից հետո արդյունք չունենք»: