• Fri. Mar 5th, 2021

Ինչո՞ւ Ճապոնիայում չեն հաղորդում ԼՂ հակամարտության մասին. Shūkan Gendai (Ճապոնիա)

Անցյալ տարի Ռուսաստանի կողքին կրկին բռնկվեց հակամարտություն.

Դուք գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի մասին

Գեղատեսիլ Կովկասը, որը տեղակայված է Սև և Կասպից ծովերի միջև, և որը բնորոշվում է բացառիկ ու պատմական ժառանգությամբ, շրջապատված է տարաշրջանային երեք գերտերություններով՝ Ռուսաստանով, Իրանով և Թուրքիայով: Այնտեղ են գտնվում Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո դարձան անկախ:

Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած ադրբեջանական տարածքում: Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը պատկանում էր Ադրբեջանին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այն անցավ Հայաստանի վերահսկողության տակ: Այս տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են:

Երբ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարածաշրջանի շուրջ տեղի ունեցան մի քանի ռազմական բախումներ, սակայն անցած տարվա աշնանը սկսված պատերազմը դարձավ ամենալայնածավալը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը, որը գտնվում էր Հայաստանի փաստացի վերահսկողության տակ, գրավեց Ադրբեջանը: Այդ առումով այս տարածաշրջանում տեղի ունեցավ ուժերի լուրջ վերադասավորում:

Չի կարելի ասել, որ Եվրոպայի ծայրամասային շրջանում ծավալված այս զինված հակամարտությունը, որին ճապոնացիները գործնականում ծանոթ չեն, ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում Ճապոնիայի համար:

Կովկասը կարևոր կետ է, որը Ռուսաստանը և Եվրոպան կապում է Մերձավոր Արևելքի հետ: Այնտեղով անցնում են Կասպից ծովից դեպի Թուրքիա և Եվրոպա գնացող նավթա- և գազամուղները:

Եթե ​​այս տարածաշրջանն ապակայունանա, ապա դա բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության վրա:

Դժվարին պայքար Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ հանուն իշխանության

Անցյալ տարվա սեպտեմբերին սկսված ռազմական բախումները ծավալվեցին հօգուտ Ադրբեջանի, որը վայելում էր Թուրքիայի աջակցությունը: Մինչ այդ ռազմական առավելությունը Հայաստանի կողմն էր, որն ուներ ռուսական սպառազինություն, բայց այս անգամ հաջողությունը ժպտաց Ադրբեջանին, որը կիրառեց իսրայելական անօդաչուներ և այլ առաջավոր զենքեր:

Ինչ վերաբերում է մարտական առավելությանը, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել սպառազինության և ռազմավարության խնդիրները, սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկրներին, որոնք կանգնած էին հակամարտության կուլիսների հետևում՝ Ռուսաստանին և Թուրքիային:

1920-ական թվականներին կովկասյան տարածաշրջանում սովետների ձևավորման ֆոնին իշխանության համար պայքարում էին տարբեր ուժեր: Ադրբեջանը Թուրքիայի կողմից էր, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի: Ադրբեջանը իսլամական երկիր է, որը ազգային առանձնահատկություններով և լեզվով մոտ է Թուրքիային, սակայն նրանց բաժանում է Հայաստանը: Մինչդեռ քրիստոնեական Հայաստանը Թուրքիային խորթ է ինչպես էթնիկ, այնպես էլ լեզվական առումով: Նրանք սահմանը կիսում են Թուրքիայի հետ և փաստացի գտնվում են թշնամական հարաբերություններում: Եթե ​​նրանք կարողանային փոխանակել տեղերը, ապա իրավիճակն այլ կլիներ, բայց հարևաններին չեն ընտրում…

Հրադադարը ձեռք բերվեց նախագահ Պուտինի միջնորդությամբ, բայց…

Անցյալ տարվա սեպտեմբերին սկսված հակամարտությունը քննարկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ խմբի համանախագահներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հոկտեմբերին արտգործնախարարների մակարդակով երեք անգամ կնքվեց հրադադարի պայմանագիր, սակայն ամեն անգամ այն խախտվեց, և արդյունքում միջամտեց նախագահ Պուտինը, և պետությունների ղեկավարների մակարդակով կնքվեց հրադադար:

Այս հակամարտության տեղափոխումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Եվրոպայում, ուստի մշտական հրադադարի ռեժիմը նախագահ Պուտինի զգալի ձեռքբերումն էր: Ռուսաստանը, որի դեմ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական խնդրի պատճառով, սա համարում է մեծ հաջողություն:

Այս տարվա հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրեց  եռակողմ բանակցությունների և հաստատեց, որ պետք է իրագործվի հրադադարի մասին պայմանագիրը: Այսպիսով Պուտինը ցուցադրեց իր ձեռքբերումները: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Մինսկի խմբի մյուս համանախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և հայտնեց նրան ծրագրվող եռակողմ բանակցությունների մասին:

Միանգամայն բնական է, որ Ռուսաստանը երկու երկրների միջև միջնորդական ջանքեր է ներդնում, չէ՞ որ 30 տարի առաջ նրանք եղել են մեկ միասնական երկիր: Սակայն ավելի շուտ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մոսկվան հոգ է տանում Թուրքիայի հետ իր հարաբերությունների մասին, որը երևում է Ադրբեջանի թիկունքում ռուսամետ Հայաստանի առավելության կորստի ֆոնին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը բռնել է այդ դիվանագիտական դիրքորոշումը:

 «Սահմաններ» Ռուսաստանի համար

Նախ՝ այս հակամարտության մեջ Ռուսաստանը չի աջակցել կողմերից ոչ մեկին և գրավել է չեզոք դիրք: Հատկանշական է, որ Ռուսաստանի արձագանքը նույնիսկ կարելի է անվանել պասիվ: Այլ խոսքով՝ Ռուսաստանի «սահմանները» չեն տարածվում այն տարածաշրջանների վրա, որտեղ չկա ռուսախոս բնակչություն (էթնիկ ռուսներ):

Կարելի է ասել, որ այս դիրքորոշումը համապատասխանում է այն հոդվածին, որն անցյալ տարվա հուլիսին ավելացվեց Ռուսաստանի Սահմանադրության մեջ. «Ռուսաստանի Դաշնությունը աջակցություն է ցուցաբերում արտերկրում ապրող հայրենակիցներին՝ նրանց իրավունքների, շահերի պաշտպանության ապահովման և համառուսական մշակութային ինքնության պահպանման գործում»:

Այսինքն՝ Ռուսաստանը միանման չի վերաբերվում բոլոր երկրներին, որոնք մտել էին ԽՍՀՄ կազմի մեջ: Ռուսաստանը նրանց դասակարգում է ըստ հայրենակիցների և ռուսական մշակույթի առկայության, այլ կերպ ասած՝  նրանք ռուսական աշխարհի մաս կազմո՞ւմ են, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, հրադադարի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի կենտրոնական մասը, որտեղ ապրում են շատ հայեր, մնաց հայկական կողմի վերահսկողության տակ: Առանց հրադադարի հավանական էր, որ Հայաստանը ամբողջովին կնահանջեր, և դա վկայում է այն մասին, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն անտեսել չի կարելի:

Բացի դրանից, հարկ է չմոռանալ, որ Ռուսաստանը տարածաշրջան է ուղարկել խաղաղապահների՝ հսկելու համար համապատասխան պայմանագրի շրջանակներում հրադադարի պահպանումը:

Տարածաշրջանում խաղաղության գործընթացում ներդրման ցուցադրում

Երկրորդ՝ ռուսական աշխարհից դուրս Ռուսաստանը կարևորում է համագործակցությունը այնպիսի կենտրոնական երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությանը: Ուկրաինայի հետ խնդիրների պատճառով Ռուսաստանի հարաբերությունները միջազգային հանրության հետ վերջնականապես վատթարացել են: Այս ֆոնին Մոսկվան ցուցադրում է փոխգործակցություն համաշխարհային գերտերությունների հետ և փնտրում է լարվածության վերացման ուղիներ:

Նախագահ Պուտինի Ռուսաստանը ձգտում է այնպիսի աշխարհակարգի, որի դեպքում աշխարհը կկառավարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ երկիր: Թվում է, թե Ռուսաստանի ղեկավարը ողջունում է այս հակամարտության խաղաղ կարգավորման այդպիսի սխեման:

Միաժամանակ հաղորդվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հունվարի 5-ին կայացած հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկվել է ուկրաինական հիմնահարցը: Այսինքն՝ դրա կարգավորումը չի դասվում հասարակ խնդիրների շարքին:

 Շահերի բախում Թուրքիայի և Ռուսաստանի միջև

Երրորդ՝ Թուրքիայի հետ բախում հանուն ազդեցության ոլորտի: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հաշվի է առնում Թուրքիայի դիրքորոշումը, որը աջակցել է Ադրբեջանին: Տարեսկզբի եռակողմ բանակցություններից երկու օր անց Պուտինը զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա հետ քննարկեց հանդիպման արդյունքները:

Բացի դրանից, այդ բանակցությունների ընթացքում կողմերը շոշափել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի ստեղծման թեման: Ինչպես վերևում նշեցինք, համաձայն հրադադարի մասին պայմանագրի՝  Ռուսաստանը տարածաշրջան է ուղարկել խաղաղապահ ուժեր, սակայն հավանական է, որ Թուրքիան ևս մասնակցի դիտարկմանը:

Ադրբեջանին աջակցող Թուրքիան ի սկզբանե բացասաբար էր վերաբերվում Մինսկի խմբի միջամտությանը, և հրադադարի մասին բանակցությունները հարթ չեն ընթացել:

Վերջնարդյունքում հրադադարը ձեռք է բերվել այնպիսի ձևով, որի դեպքում Ռուսաստանը, հոգատարություն դրսևորելով Թուրքիայի հանդեպ, վերաշարադրել է ուժերի դասավորությունը:

Կովկասը երկար ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության վերահսկողության տակ: ХIХ դարում մի քանի ռուս-թուրքական պատերազմների հետևանքով այս տարածաշրջանը հայտնվել է Ռուսաստանի թևի տակ: Նույնիսկ Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանը և Թուրքիան կռվել են կովկասյան ճակատում:

Պատմականորեն նրանց շահերը մշտապես բախվել են այս տարածաշրջանում: Այնուհետև Կովկասն անցավ ԽՍՀՄ կազմի մեջ, իսկ Միության փլուզումից հետո այն համարվեց Ռուսաստանի ազդեցության ոլորտ:

Այս հակամարտության ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ հերթական բախում հանուն ազդեցության ոլորտի: Սա ցույց է տալիս, որ տարածաշրջանը կրկին վերածվում է հակամարտության գոտու:

Էներգետիկ անվտանգություն և «հյուսիսային տարածքների» հիմնախնդիր

Պատերազմների հետևանքով քարտեզի փոփոխությունները կենտրոնացած են Սևծովյան տարածաշրջանում՝ Ուկրաինայում և Կովկասում: Կարելի է բերել այնպիսի օրինակներ, ինչպիսիք են՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Վրաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատումը, ինչպես նաև ներկայիս պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Այս տարածաշրջանում պատմականորեն հակամարտել են Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Գերմանիան, Լեհաստանը և այլ եվրոպական երկրներ: Կարելի է ասել, որ ռուսական սահմանների մոտ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ:

Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն այժմ կենտրոնանում է ռուսախոս գոտիների վրա. նրա ազդեցությունը ամբողջ հետխորհրդային տարածքում նվազում է: Եվ հակառակը՝ Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, որը նրան մոտ է էթնիկական և մշակութային առումով:

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում ապրում են թուրքական ծագմամբ ղրիմյան թաթարներ: Թուրքիան հակամարտում է Ռուսաստանի հետ ղրիմյան հարցով: Տեղի է ունենում երկու երկրների ազգայնական դիվանագիտության բախում:

Բացի դրանից, Ադրբեջանից դեպի Եվրոպա և Թուրքիա են ձգվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերը և Տրանսանատոլիական գազատարը: Այս տարածաշրջանում հակամարտությունների սրումը և ռուս-թուրքական դիմակայությունը բացասաբար կազդեն էներգետիկ անվտանգության վրա, օրինակ՝ կբարձրանան էներգակիրների գները: Դա իր ազդեցությունը կունենա նաև Ճապոնիայի վրա, որը կախված է էներգառեսուրսների ներմուծումից:

Ավելին, Ռուսաստանն այժմ դասակարգում է իր ազդեցության ոլորտները և որոշ չափով հեռանում է Հայաստանից ու ոչ ռուսախոս այլ երկրներից: Որպես փոխհատուցում այն կարող է սկսել հզոր քաղաքականություն իրականացնել այն տարածաշրջանների նկատմամբ, որտեղ տարածված են ռուսական մշակույթն ու լեզուն: Այս դեպքում նրա համար էլ ավելի դժվար կլինի փոխզիջման գնալ Հարավային Կուրիլների հարցում, որտեղ ապրում են ռուսներ, և որոնք գտնվում են Ռուսաստանի ինքնիշխանության ներքո:

Ուստի անհրաժեշտ է, որ Ճապոնիան ավելի ուշադիր հետևի այդ տարածաշրջանում հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերին: