Երեկ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Երեկոյան դանակահարվել է 37-ամյա Գագիկ Խաչատրյանը: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բուլվարային թաղամասում: Վերջինս աշխատում է Գյումրու Շտապբուժօգնության կայանում՝ որպես վարորդ:
http://Armtimes.com«Հայկական ժամանակի» հետ զրույցում կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամի, իրենց աշխատակիցն այդ օրը ծառայության չի եղել:
Որքան տնօրենին հայտնի է, դանակահարությունը վիճաբանության հետևանք է: «Ինչքան գիտեմ, իր ավտոտնակի դիմաց է կատարվել, կենցաղային հարցով վեճ է ծագել, իր անձնական մեքենան կայանելուց հետո, ես այլ մանրամասներ չգիտեմ»,- ասաց տնօրենը:
Դանակահարվածին Գյումրի ԲԿ են տեղափոխել հարազատները: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի՝ տղամարդն ընդունվել է թափանցող վնասվածքով, կատարվել է վիրահատություն: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս պահին տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
Մեզ հետ զրույցում ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Կատարվում են համապատասխան քննչական-դատավարական գործողություններ: Հետաքննական մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն՝ դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ներկա պահին կասկածյալ չկա: Ըստ դատախազի՝ մինչ այս պահը հնարավոր չի եղել հարցաքննել տուժածին՝ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված:
1
1