• Sat. Feb 27th, 2021

Իմ նպատակն էր սահմանից հնարավորինս շատ ժպիտ ու դրական աուրա փոխանցելը – Լուսանկարներ

Արցախյան վերջին պատերազմի խորհրդանիշներից մեկը, թերեւս, 19-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարն էր, որը հայտնվեց միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների էջերին:

Լուսանկարի հեղինակ Սիփան Գյուլումյանը պատմում է, որ Ալբերտին նկարել է Ջաբրայիլում սեպտեմբերի 28-ին:

«Երբ «Զինուժ»-ի նկարահանող խմբով հասանք այդ տարածք, շատ ինտենսիվ կրակային փուլի մեջ էին, մերոնք էին կրակում, պատասխան կրակ էր գալիս: Այդ պահին, ճիշտ է, մեր դիրքերի ուղղությամբ ուղիղ նշանառություն չկար, հակառակորդը ծուռ էր կրակում, բայց մոտ տարածքներում արկեր էին պայթում: Ալբերտն իր մարտական խնդիրն էր կատարում: Հենց այդ պահին ստեղծվեց նկարը ու դարձավ Ալբերտի պատմությունը՝ լուսանկարի տեսքով»:

«Զինուժ մեդիա»-ի լուսանկարիչը, սակայն, չէր պատկերացնում, որ նկարն այսչափ հայտնի կարող է դառնալ: «Անկեղծ, բացարձակ չեմ պատկերացրել: Նկարելուց հետո շատ քիչ է եղել, որ կապի մեջ լինեմ: Ինտերնետ չէր լինում, կապ չկար: Մի օր հետո եմ մտել համացանց ու տեսել, որ իմ բոլոր ընկերների «Ֆեսյբուքի» պատին այդ նկարն էր: Հետո սկսեց նամակների, մեկնաբանությունների տեղատարափ, ու քիչ-քիչ հասկացա, որ նկարն արդեն բոլորինն է»:

Картинки по запросу "ալբերտ հովհաննիսյան"

Սիփան Գյուլումյանը նկարահանող խմբի հետ Արցախ է մեկնել պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին: «Առաջին 8 թե 9 օրը անցկացրել ենք Արցախում, հետո արդեն տարբեր տարածքներում՝ հյուսիսի կողմից, Մեղրիի կողմից դեպի հարավ գնացել, եկել ենք»:

Պատերազմի օրերի լուսանկարիչն ասում է, որ իր նպատակը եղել է պատերազմը դրական կողմից լուսաբանելը:

«Իմ նպատակն էր սահմանից ժողովրդին հնարավորինս շատ ժպիտ ու դրական աուրա փոխանցելը: Դու ունես մի նպատակ՝ հնարավորինս շատ լուսանկարել, հնարավորինս շատ պատմություն ֆիքսել, փորձել այդքանի հետ ողջ մնալ՝ գոնե զուտ շարունակելու համար, փորձել չխանգարել ուրիշին իր մարտական խնդիրը կատարելու գործում: Չկտրես զինվորին, զինծառայողին իր իր գործից, իր կռվից, ինչ է, թե նկարես: Դու հարմարվես»:

Նա պատմում է, որ զինվորները իրեն որպես ծառայակցի են վերաբերվել, եւ զինվորներին լուսանկարելու պրոցեսը ջերմ պայմաններում է անցել: «Ես, լուսանկարիչ լինելուց բացի, նաեւ զինված ուժերի սպա եմ: Իրենք, ե՛ւ համազգեստը, ե՛ւ համազգեստի կոչումը տեսնելով, դրական են վերաբերվել ու ուրախ են եղել: Կարող է սովորական լրագրող գնար, չուզեին, ինձ վերաբերվել են նաեւ որպես ծառայակցի: Ընկերական ու մաքսիմալ ջերմ է եղել զինվորների հետ շփումները ու նկարահանման պրոցեսը»:

Իր լուսանկարների հերոսներից շատերի հետ էլ Գյուլումյանը մտերմացել է: «Մարդիկ կան, կարող է՝ օրը 2-3 անգամ զանգենք, խոսենք, մարդ կա՝ լավ ընկեր է դարձել: Բոլորի հետ շատ ինտենսիվ կապ ու մտերիմ հարաբերություններ ունեմ»:

Արցախյան այս պատերազմից էլ մի լուսանկարի պատմություն է հիշում, որը, իր բնորոշմամբ, «անեկդոտ» է դարձել: «Զինվորներից իրենց ծնողների Whats App-ի, Viber-ի հեռախոսահամարներ եմ վերցրել, որպեսզի կռվի դաշտից նկարներ փոխանցեմ: Ծնողների ամենամեծ ուրախությունը զինվորներից նկար ունենալն էր: Հետո մի տղայի նկարեցի, նկարն ուղարկեցի, գրեցի իր հայրիկին, որ ձեր տղան է, ասաց՝ չէ, իմ տղան չէ, հետո էլի նկարներ  ուղարկեցի, ասաց՝ չէ, ոչ մեկն իմ տղան չէ, հետո էլի այդ տղայից ուրիշ ռակուրսով նկար ուղարկեցի, ասաց՝ չէ, իմը չէ… Ասացի՝ լավ, ուրեմն ինչ-որ բան շփոթել եմ: Հետո երկու օր անց ինքը գրեց: Գրել էր՝ ես ղեկին էի, երեխեն էլ չաղացել ա, չեմ ճանաչել: Իմ տղեն ա: Անեկդոտ դարձավ: Հիմա այդ տղայի հետ ընկերություն ենք անում: Հաճախ հիշում, խոսում, ծիծաղում ենք»:

May be an image of 2 people, people standing, outerwear and military uniform

Աջից՝ զինծառայող Հայկ Քոչարյանը, որին հայրը չի ճանաչել

Սիփան Գյուլումյանը, ի դեպ, նաեւ Ապրիլյան պատերազմն է լուսանկարել: Հայ զինվորի ուժի ու միասնականության խորհրդանիշներից մեկը դարձած լուսանկարը (ներքեւում) արվել է քառօրյայի օրերին:

Картинки по запросу

Հայ զինվորի ուժի ու միասնականության խորհրդանշիներից մեկը դարձած այս լուսանկարը արվել է քառօրյայի օրերին: Հեղինակը դարձյալ Գյուլումյանն է:  

Հիշելով իր ապրած երկու պատերազմները՝ լուսանկարիչն ասում է, որ 2020-ի պատերազմն անհավասար էր: «Մենք չէինք կռվում Ադրբեջանի դեմ: Պատերազմները տարբերվում էին ե՛ւ կրակի ինտենսիվության առումով, ե՛ւ կիրառված զինատեսակների առումով: Ապրիլյանը ե՛ւ կարճ տեւեց, ե՛ւ կրակի ինտենսիվությունը այդքան շատ չէր»:

Լուսանկարիչը մտադիր է նաեւ առաջիկայում իր լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպել: «Այս պահին չստացվեց: Ճիշտն ասած՝ սիրտ չունեի, բայց երեւի առաջիկայում ինչ-որ ձեւաչափով կլինի, մտածում եմ դրա մասին»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •