• Sat. Feb 27th, 2021

Ինչի՞ց է պաշտպանում Հայաստանին Ռուսաստանը կամ ինչպիսի՞ Հայաստանին է պաշտպանում

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի ընդլայնման և ներուժի ավելացման հարցում: Հարությունյանն ասել է, որ Հայաստանը միշտ է ունեցել այդ հետաքրքրությունը, թեկուզ այն պատճառով, որ բազան ամբողջապես ներառված է հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմ:

Ինչպես հայտնի է, միացյալ զորախումբը կազմավորված է Հայաստանում ՌԴ ռազմակայանով և Հայկական 5-րդ բանակային կորպուսով: Այդ զորամիավորումը Հայաստանի հանդեպ վտանգի պարագայում պետք է ձեռնամուխ լինի երկրի պաշտպանությանը: Ամբողջ հարցն այն է, սակայն, թե որքանով է թղթի վրա ամրագրված այդ գործառույթը իրականանալի դե ֆակտո: Այդ առնչությամբ կան լուրջ կասկածներ՝ հաշվի առնելով թե՛ ռուս-թուրքական, թե՛ ռուս-ադրբեջանական հարաբերությունը: Այսինքն՝ Ռուսաստանն այդ համատեքստում դիրքավորվում է իբրև, այսպես ասած, անաչառ միջնորդ, ոչ թե Հայաստանի ռազմավարական դաշնակից: Համենայնդեպս, մենք ունենք դրա բազմաթիվ փաստեր, որոնցից աղաղակողը Արցախի, իսկ խորքային առումով՝ հայկական պետականության անվտանգային համակարգի դեմ թուրք-ահաբեկչա-ադրբեջանական գրոհը, պատերազմն էր, որն ավարտվեց հայկական պարտությամբ:

Ի վերջո, առկա է պարզ հարց՝ ինչի՞ց է պաշտպանում Հայաստանին Ռուսաստանը կամ ինչպիսի՞ Հայաստանին է պաշտպանում: Այլ կերպ ասած՝ ի՞նչ է Հայաստանը Ռուսաստանի համար՝ տարա՞ծք, թե՞ պետականություն: Որովհետև եթե խոսքը տարածքի մասին է, ապա տարածքը կարող է նաև ենթակա լինել, այսպես ասած, ռազմավարական զիջումների: Ի վերջո, հարկ է արձանագրել մի բան՝ եթե Հայաստանի, հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունի մեկ գյուղն անգամ, ռուսական պետականության անվտանգային համակարգի, այսպես ասած, ռազմավարական համայնապատկերում Հայաստանի ոչ միայն մեկ գյուղը, այլև ամբողջ քաղաքը կամ մարզն անգամ կարող է չունենալ այդպիսի նշանակություն: Ու քանի դեռ Ռուսաստանի համար հիմնարար նշանակություն ունեն Թուրքիայի և ածանցյալ Ադրբեջանի հետ հարաբերությունները, ռուսական ռազմական ներկայությամբ Հայաստանի պաշտպանվածության բովանդակության հարցը մշտապես բաց է:

Ըստ այդմ՝ եթե խոսք է գնում ռուսական ռազմակայանի ներուժի ընդլայնման մասին, ապա որքան էլ Հայաստանի համար դա ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ բաղադրիչ է, այդուհանդերձ դրա իրական չափումը պահանջում է բովանդակային ճշգրտում՝ ինչ գործառութային շրջանակ է ենթադրելու այդ ռազմակայանը, և ինչպիսի վերաբերմունք է առկա Հայաստանի նկատմամբ ամենայն մանրամասնությամբ: Այլ կերպ ասած՝ փոքր-ինչ պարզեցված, կարևորագույն հարցն այն է, թե բովանդակային իմաստով ի՞նչ ռազմաքաղաքական հենարանի վրա է Գյումրու ռուսական ռազմակայանը՝ հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի՞, թե՞ ռուս-թուրքական պայմանագրի: Մինչ այժմ մենք տեսել ենք ավելի շատ երկրորդի, քան առաջինի մասին վկայող ռեգիոնալ քաղաքականություն:

Հայաստանի անվտանգային հավելյալ ներուժի և երաշխիքների անհրաժեշտությունը գնահատելու հարցում այդ համատեքստում թե՛ հայ-ռուսական, թե՛ այլընտրանքային հնարավորությունների ուղղությամբ աշխատանքի հարցում դա է ելակետային հանգամանքներից մեկը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •