• Sat. Feb 27th, 2021

Հայաստանի դիրքորոշումը լիներ ավելի կոշտ, քան Ադրբեջանի դիրքորոշումն էր

Պատերազմից հետո Հայաստանում բավականին մեծ տարածում են ստացել քննարկումներն այն մասին, որ Հայաստանն ու Արցախը այդ ծանր հանգրվանին են հասել «ոչմիթիզական» քաղաքականության և մոտեցման հետևանքով: Այդ քննարկումները առերևույթ թվում են ռացիոնալ և հիմնավոր, արդարացի:

Սակայն դա լոկ առերևույթ, այն էլ մի պարագայում, երբ արցախյան հարցը գնահատվում է իր քաղաքական և աշխարհաքաղաքական ամբողջական մասշտաբին ու խորությանը ոչ համարժեք: Թվում է թե՝ իսկապես, եթե Հայաստանն ու Արցախը համաձայնեին փոխզիջումային տարբերակի, ապա հարցն այժմ կլիներ լուծված, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր:

Բայց արդյո՞ք դա իրապես այսպես է, և արդյո՞ք դա համարժեք է խնդրի աշխարհաքաղաքական համատեքստին: Չէ՞ որ արցախյան կարգավորման գործընթացում ըստ էության չի եղել դրվագ, երբ Հայաստանի դիրքորոշումը լիներ ավելի կոշտ, քան Ադրբեջանի դիրքորոշումն էր: Հայաստանը մշտապես եղել է փոխզիջումային մոտեցման կրող, բանակցել է այդ տրամաբանությունը ենթադրող գործընթացում՝ անկախ բանակցող նախագահների մոտեցումների որոշակի տարբերություններից: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Որևէ մեկը կարող է պնդել, որ Հայաստանը մի կողմից բանակցել է փոխզիջման տրամաբանությամբ, մյուս կողմից հրաժարվե՞լ է դրանից: Որևէ մեկն ունի՞ ապացույց, վկայություն, փաստարկ, որ, օրինակ, Հայաստանն է հրաժարվել Քի Վեսթի համաձայնությունից, կամ Հայաստանի հրաժարման պատճառով է տապալվել Կազանը: Կա՞ն այդպիսի փաստարկներ:

Միևնույն ժամանակ, հարց է իհարկե, թե կա՞ն արդյոք ադրբեջանական հրաժարումը վկայող փաստեր կամ փաստարկներ: Որովհետև, կողմերը գործնականում մշտապես միմյանց են մեղադրել կարգավորումը տապալելու, փոխզիջման պատրաստ չլինելու համար: Եվ այստեղ թերևս առաջանում է հարց, թե համանախագահ երկրները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը կազմող հզոր տերությունների ղեկավարները ինչո՞ւ այս կամ այն փուլում չեն դատապարտել կողմերից որևէ մեկի «հրաժարումը», որպես խաղաղ գործընթացի և կայացված համաձայնության վտանգավոր տապալում: Արդյո՞ք այստեղ պատճառը չի եղել այն, որ այդ տապալումները՝ տարբեր փուլերում, ձեռնտու են եղել առնվազն համանախագահ ուժեղ կենտրոններից, ուժային խաղացողներից մեկին կամ, հնարավոր է՝ մի քանիսին: Օրինակ՝ արդյո՞ք նրանցից որևէ մեկին ձեռնտու չի եղել, որ Հայաստանում 1998-ի իշխանափոխության միջոցով գործնականում չի կայացել այսպես ասած՝ տերպետրոսյանական շրջանի համաձայնությունը, կամ 2001-2002-ին Հեյդար Ալիև-Իլհամ Ալիև տանդեմի միջոցով չի կատարվել Քի Վեսթի պայմանավորվածությունը, կամ չի ստացվել Կազանը և այլն, և այլն:

Բանն այն է, որ Արցախի հարցը դիտարկվել է իբրև հակամարտող երկու կամ երեք կողմերի հարց, իսկ ուժային կենտրոնները դիտարկվել են իբրև միջնորդ: Մինչդեռ, նրանք եղել են միջնորդ ֆորմալ տեսանկյունից, իսկ իրական քաղաքականության ռեժիմում ուժային կենտրոնները Արցախի հարցում եղել են կողմ, որոնք պայքարել են իրենց ազդեցության, շահերի շրջանակը տարածելու համար: Իսկ Կովկասը այն ռեգիոնն է, որն այդ առումով ունի գերնշանակություն՝ այլ կարևորագույն ռեգիոնների հետ սերտ փոխկապակցվածության, ըստ էության հանգուցային փոխկապակցվածության շնորհիվ: Այդ իմաստով, Արցախի հարցում բախվել են ուժային կենտրոնների շահեր:

Իսկ այդ իրողությունը Հայաստանին թողնում էր թերևս մեկ ճանապարհ կամ տարբերակ՝ ուժ և միայն ուժ: Այլ հարց է, որ Հայաստանը տապալել է հենց այդ խնդիրը: Դա բոլորովին այլ խոսակցության առարկա է: Ավելին, Հայաստանն այդ խնդիրը տապալել է նաև այն առումով, որ ուժի ակնհայտ անհրաժեշտության պարագայում, Հայաստանը, ըստ էության, անընդհատ դիրքավորվել է իրական քաղաքականության ռեժիմում ոչ մեկի համար անհրաժեշտ չեղած փոխզիջումային մարտավարության կամ մեթոդաբանության, կամ շղարշի կետում: Այստեղ է առաջացել խզումը հայկական պետականության ռեգիոնալ դերի և անվտանգության ու աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության միջև: Ներկայումս խնդիրը այդ խզումից դուրս գալն է, ոչ թե խզման հիմքը լեգիտիմացնելը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •