• Sat. Feb 27th, 2021

Հայկական ռազմարդյունաբերությունը դեռևս սաղմնային փուլում է

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին հայկական տաղավարի «դատարկության» վերաբերյալ: Հայկական տաղավարում չեն եղել հայկական ռազմարդյունաբերության նմուշներ:

ԲՏԱ նախարարության պարզաբանման համաձայն՝ դրանց բացակայությունը կապված է լոգիստիկ խնդիրների հետ: Նախարարությունը հայտնում է, որ չնայած դրան՝ հայկական ընկերությունները բավականին արդյունավետ մասնակցում են ցուցահանդեսին և կապեր հաստատում տարբեր գործընկերների հետ: Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ չնայած նմուշների բացակայությանը՝ հայկական ընկերությունները փորձում են, այսպես ասած, «առանց գնդակի խաղալով» ստանալ արդյունք:

ԱՄԷ-ում տեղի ունեցող ամենամյա ցուցահանդեսը հեղինակավորներից մեկն է աշխարհում, և դրանից առավելագույնը քաղելը հայկական ռազմարդյունաբերության ոլորտի համար պետք է լինի գերխնդիր, հատկապես ներկայիս իրավիճակում: Իհարկե, ամենևին պետք չէ ունենալ մոլորություն, թե այդ ցուցահանդեսից է կախված մեր ռազմարդյունաբերության ապագան, կամ այն կախված է ընդհանրապես ռազմարդյունաբերական ցուցահանդեսներից: Հայկական ռազմարդյունաբերությունը դեռևս սաղմնային փուլում է, առավել ևս այդ շուկայի միջազգային վիճակի համեմատությամբ: Ըստ այդմ՝ մեզանից պահանջվում է ամենօրյա աշխատանք միջազգային գործընկերներ գտնելու, նրանց մեր համեմատական առավելությունները ներկայացնելու համար, եթե կան այդպիսիք:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ կախված չլինելով կոնկրետ որևէ, թեկուզ և ամենահեղինակավոր ցուցահանդեսից, որևէ ցուցահանդես չդիտարկելով ճակատագրական՝ այդուհանդերձ, պետք է այդ ամենում նշմարել նաև պետական աշխատանքի հանգամանքը: ԲՏԱ նախարարությունը հայտարարել է, որ ծառայական քննություն է սկսել լոգիստիկ խնդիրների հետևանքով ԱՄԷ սպառազինության նմուշներ չհասնելու առնչությամբ: Ի՞նչ կպարզի այդ քննությունը՝ կերևա ժամանակի ընթացքում, սակայն փաստացի խոսքը բավականին էական ձախողման մասին է:

Դա պարզապես թյուրիմացությո՞ւն է, վատ աշխատանքի հետևա՞նք, անփորձությո՞ւն, թե՞ սաբոտաժ: Բոլոր պարագաներում գործ ունենք իսկապես աղաղակող հանգամանքի հետ, որը պետք է բացառվի:

Ի վերջո, երբ դիտարկում ենք Հայաստանի ներկայիս վիճակն ու գալիք մարտահրավերների ֆոնին անելիքները, կա մի բան, որի հարցում չպետք է լինի ոչ մի վերապահում և արդարացում՝ դա պետական արդյունավետությունն է, պետական կառավարման էֆեկտիվության աստիճանական բարձրացումը: Որևէ մեկն իհարկե Հայաստանից ներկայումս չի սպասում հրաշքներ, սակայն պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպվածությունն ու արդյունավետությունը հրաշք չեն, հետևաբար դրանք պետք է լինեն անբեկանելի նշաձող:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •