• Sat. Feb 27th, 2021

Հայ-ռուսական հարաբերությունը սկսեց չափվել նրանով, թե որքանով հավատարիմ և խոր փակուղի է դիտվում Հայաստանը

Իսրայելն ու Եգիպտոսը պայմանավորվել են նոր գազամուղ կառուցելու մասին, որի միջոցով Իսրայելին պատկանող Միջերկրածովյան Լևիաֆան գազային հորից արդյունահանվող գազը կուղղվի Եգիպտոսի սեղմած գազի գործարան՝ այնտեղ սեղմած գազի վերածվելու ու Եվրոպա արտահանվելու համար:

Միմյանց հետ արյունալի պատերազմի միջով անցած Եգիպտոսն ու Իսրայելը փաստորեն հավակնում են դառնալ Եվրամիության գազային շուկայի մատակարար՝ այդպիսով փաստորեն մարտահրավեր նետելով այդ շուկայի հիմնական խաղացողներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք հույս են կապում TANAP գազամուղի հետ: Այստեղ հույսեր կարող է ունենալ նաև Իրանը: Թերևս այդ նկատառումով է նաև, որ Թեհրանը փորձում է հասնել ռեգիոնալ համաձայնությունների միջավայրի՝ ակնկալելով այդ միջոցով դառնալ խաղացող եվրոպական շուկայի համար:

Իսրայելի ու Եգիպտոսի պայմանավորվածությունը, որի մասին հայտարարել են Իսրայելի էներգետիկայի նախարարն ու Եգիպտոսի նավթի ու հանքային ռեսուրսների նախարարը, խոսում է աշխարհաքաղաքականության մեջ տեկտոնական շարժերի մասին, այն բարդ ու բազմերանգ շերտերի, որ պարունակում է ներկայիս համաշխարհային քաղաքականությունը: Տեղի է ունենում ոչ միայն աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցության վերադասավորում, այլ նաև տնտեսական հարաբերությունների, էներգետիկ և ենթակառուցվածքային ռեսուրսների:

Այս ամենը Հայաստանում պետք է լինի աչալուրջ ուշադրության, ըստ այդմ՝ նաև խորքային եզրակացությունների առարկա, քանի որ Հայաստանը մեծ հաշվով դուրս է համաշխարհային այս շարժերից և դրանց, ցավոք սրտի կամ պարզապես դժբախտաբար, առնչվեց լոկ Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմով և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ, որոնք հանգեցրել են Հայաստանի համար ծանր կորուստների:

Հայաստանն արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո անկարող եղավ գտնել համաշխարհային զարգացումների արդիական մասնակից լինելու հայեցակարգն ու բանաձևը՝ մնալով գործնականում եվրասիայան փակուղի, և անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունը դիտարկվեց լոկ այդ համատեքստում, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունն անգամ սկսեց չափվել նրանով, թե որքանով հավատարիմ և խոր փակուղի է դիտվում Հայաստանը: Այդ ամենը հանգեցրին ծանր քաղաքական, իսկ այժմ արդեն նաև՝ մարդկային ու տարածքային կորուստների: Սակայն անգամ դրանից հետո Հայաստանում չեն փոխվել աշխարհի, համաշխարհային զարգացումների չափման տրամաբանությունն ու մեխանիկան՝ ամեն ինչ չափվում է մեկ թվաբանական գործողության կամ սևի և սպիտակի պարզունակ պրիզմայով ու նաև՝ դրանից բխող, այսպես ասած, ներքաղաքական բովանդակությամբ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •