• Sat. Feb 27th, 2021

Մենք ավելի շատ հույսներս դրել էինք Ռուսաստանի վրա, որ մեզ կպաշտպանի, թույլ չի տա նոր պատերազմ

ԱԺ նախկին պատգամավոր, Վեդի Ալկոյի սեփականատեր, գործարար Մանվել Ղազարյանը կարծիքներ է հայտնել․ Այն, որ պատերազմի ընդհանուր ելքի համար մեղավոր են գործող իշխանությունները, դա փաստ է։ Բայց որ ամեն ինչ նախկինում շատ ավելի վատ վիճակում է եղել, բարձիթողի վիճակ է եղել, դա էլ է փաստ։ Նույն Սերժ Սարգսյանը Գերմանիայում հուզված խոսում էր, որ կռվել ենք 80-ականների զենքով և այլն։ Այնպես որ, պետք չէ փաստերը խեղաթյուրել։ Բոլորս էլ գիտենք, որ 2016-ին մեր խնդրանքով է պատերազմը կանգնել, մենք համաձայնել ենք իրենց պայմաններին։

Հետագայում եղան «Սասնա ծռերի» գործողությունները, ներքին լարվածությունը։ Բայց «Սասնա ծռերի» այդ գործողությունն էլ ձեռնտու էր օրվա իշխանություններին։ Նրանք, եթե ուզենային՝ արագ կկասեցնեին այն։ Բայց, երևի թե, պետք էր դրսին ինչ-որ բան ցույց տալ: Այնպես որ, այդ ոստիկանները որ զոհվեցին, վիրավորվեցին, այդ ամեն ինչն էլ օրվա իշխանության խղճի վրա է։ Այնպես չէ, որ իշխանությունները չէին կարող այդ ակցիան ժամանակին կանգնեցնել, որ անմեղ զոհեր չլինեին։ Բայց ես համոզված եմ, որ դա արվեց ուղղակի ժամանակ շահելու համար, որ հակառակորդին, կամ բանակցային կողմերին ցույց տային, որ մեր մոտ նման իրավիճակ էր և այլն։ Ժամանակ շահելու խնդիր էր դա։ Ուղղակի, ցավոք սրտի, ժամանակը շահեցինք, բայց բանակը չզինեցինք, սպառազինությունը չհասցրինք այն մակարդակին, որ մենք կարողանայինք պատերազմ վարել հաղթողի դիրքերից։ Մենք զինադադարի ժամանակ հաղթող կողմ ենք եղել, բայց հետագայում մեզ սկսել են թելադրել, թե ինչ անենք։ Ու մենք հաղթողից դարձանք խնդրող, և դա եղավ մեր ապաշնորհ իշխանությունների պատճառով։ Փոխանակ հաղթանակն ամրապնդվեր ժամանակակից զինատեսակներով բանակը համալրելով, ներքին, բարոյահոգեբանական վիճակը բարձր պահեինք, բայց ոչինչ չարվեց։ Հակառակը՝ սկսեցինք մեզ հույս տալ, թե մեր ղեկավարները ղարաբաղցի են, նրանք Ղարաբաղը կյանքում չեն տա։ Իրենք էլ անընդհատ դա օգտագործեցինք իրենց կլանային շահերի համար, ու մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ռազմականապես թուլացել ենք, իսկ հակառակորդը անընդհատ ուժեղացել է ու սկսել է մեզ պայմաններ թելադրել։ Դա էլ ազդել է բնականաբար բանակցությունների վրա։ Իսկ եթե դրան համահունչ մենք էլ ձեռք բերեինք տարբեր սպառազինություններ, ժամանակակից, պաշտպանական սպառազինություն, որպեսզի կարողանայինք մեր դիրքերը պահել ու արդեն հակառակորդին պայամններ թելադրեինք, թե ինչ պայմաններով կգնանք զինադադարի կամ վերջնական խաղաղության պայմանագրի։

Հակառակորդը շատ լավ վերլուծեց իրավիճակը, թե ինչու իրենք 94 թվականին պարտվեցին և դասեր քաղելով՝ իրենք պարտությունից շատ ճիշտ տակտիկա, ռազմավարություն ընտրեցին ու ժամանակի ընթացքում կարողացան իրենց բանակն այնպես արդիականացնել, որ հաշված րոպեներում մեր հակաօդային պաշտպանությունը վերացրին, չեզոքացրին։ Իսկ մենք ոչ մի բան չարեցինք։ Տարիներ շարունակ գլուխ գովացինք, մեծ-մեծ փրթեցինք, թե լավագույն բանակն ունենք, բայց, ցավոք, 2014 թվականին էլ տեղային փոքր մարտերում, 16-ին այլ սահմանային միջադեպերում թշնամին մեզ շոշափեց, մեր թույլ տեղերը ուսումնասիրեց ու հասկացավ մեր հնարավորությունները։

Մենք ավելի շատ հույսներս դրել էինք Ռուսաստանի վրա, որ մեզ կպաշտպանի, թույլ չի տա նոր պատերազմ, բայց եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, ուրիշի համար դա դժվար կլինի։ Իսկ որ բանակցությունների սեղանին անընդհատ 2010-2011 թվականից դա է եղել, բանակցությունների հիմքում դրված է եղել տարածքների վերադարձի հարցը, դա միանշանակ է։ Վերջին 2,5 տարվա ընթացքում Հանրապետական կուսակցությունը ինչքան ակտիվանում է, այնքան ժողովուրդը սերտանում է օրվա իշխանությունների հետ։ Եթե նորից իրենք ցանկանում են հայրենիքին ծառայություն մատուցել, թող շարունակեն, բայց ճիշտ կլինի, որ իրենք ուղղակի թայմաութ վերցնեն և ուղղակի լռեն մի քանի տարի։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •