• Sat. Feb 27th, 2021

Որոնք են լինելու Ամուլսարի ոսկու հանք շահագործելուն դեմ հանրության քայլերը

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետն անդրադարձավ Ամուլսարին՝ ակնարկելով, որ չի բացառվում այն շահագործվի: Վարչապետը նշել է, որ, ուզենք թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում ՀՀ տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգության համատեքստում:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքերով՝ վարչապետի ասածը վերաբերում էր տնտեսական նոր ռեստարտին, տնտեսական ներուժի իրացման անհրաժեշտությանը: Ինչ վերաբերում է հանքի հնարավոր շահագործմանը, ապա, նախարարի խոսքերով, Ամուլսարի մասով նախարարը սպասում է քրեական գործի հանգուցալուծմանը։ «Եթե քրեական գործի վարույթում քննվող փաստերով առերևույթ իրավախախտումներ դուրս չբերվեն, որոնք մեզ այդ մանդատը կտան միջամտելու, ապա առնվազն այս պահին շրջակա միջավայրի նախարարությունը որևէ միջամտելու լեգիտիմ գործիքակազմ չունի»,- ասաց նախարարը:

Օրերս «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչն իր հարցազրույցում նշել է, որ հարկերի ու աշխատավարձի տեսքով իրենց ստանալիք օգուտի, ոչ ավելի ոչ պակաս, գրեթե կեսը տալու են Հայաստանին։ Ամուլսարի շահագործման դեմ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը հակադարձում է՝ տասը տարում Հայաստանին վճարածի կեսը տանելու են` մեր երեխաներին 500 տարով թթվային դրենաժ են թողնելու։

Հարցին՝ ըստ էության, իշխանության բոլոր քայլերը տանում են շահագործման, Միսկարյանը նշեց, որ դեռ ակնառու քայլեր տեսանելի չեն, բայց կառավարող ուժի կողմից հանրային դաշտ նետվող ինֆորմացիոն «խայծերը» խոսում են այն մասին, որ նրանք չեն հրաժարվել Ամուլսարը շահագործելու մտքից։

«Նման խայծ է «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամներից մեկի վերջերս հրապարակված հարցազրույցը, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ «չնաշխարհիկ» պրոյեկտ է հանքի շահագործումը, կոչ է անում Սփյուռքին ներդրումներ անել «Լիդիանի» մեջ, պատմում է, թե ինչպես են իրենք իրենց եկամուտների գրեթե կեսը աշխատավարձների և հարկերի տեսքով մեծահոգաբար թողնելու Հայաստանին։ Պարզ է, որ դրանով հանքի շահագործմամբ շահագրգիռ կողմերը շոշափում են հանրային տրամադրությունները՝ հասկանալու համար, թե ինչ դիմադրություն կարող է լինել հանրության կողմից»,- ասաց նա։

Իսկ թե որոնք են լինելու Ամուլսարի ոսկու հանք շահագործելուն դեմ հանրության քայլերը, նշեց, որ այս պահին դժվար է ասել, թե ինչ կերպ կզարգանան իրադարձությունները, բայց գրեթե վստահ է, որ շահագործելու որոշումը կարող է շատ թանկ նստել կառավարող ուժի և հատկապես Նիկոլ Փաշինյանի վրա։

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը երբեք չեն թաքցրել իրենց վերաբերմունքը Ամուլսարի վերաբերյալ, իրենք միշտ ցանկացել են շահագործել: Այս մասին նշեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: «Այդ գործը սկզբից դրված էր Տիգրան Ավինյանի վրա, մենք էլ չհասկանալով, որ այդ ամենի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է, մեր դժգոհությունը ուղղել ենք Ավինյանի դեմ: Պարզվեց, որ հիմնական գործն անում է վարչապետը»,-ասաց նա: Սանասարյանը նկատեց, որ վարչապետը նաև «Էլարդի» միջոցով շատ լավ ուսումնասիրեց, թե Ամուլսարի շահագործումը տնտեսական ու սոցիալական ինչ աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար: Բոլոր կեղծիքները, որ կային նախագծի մեջ, բացահայտեցին հայ և միջազգային փորձագետները, բայց Նիկոլ Փաշինյանի համար որևէ արժեք չունի, թե ով ինչ է ասում, ինչ է մտածում»,- հավելեց Սանասարյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը տարեկան կորցնում է 1,5 մլրդ խմ միայն ջուր, որը հոսում է Որոտան, Արփա գետերով, բայց կարող է մեկ մլն տարի հետո այդ պրոցեսը դադարի և դառնա անվտանգ, բայց թթվային դրենաժը հավերժական է լինելու և քանի գնա, այնքան թունավորումը մեծանալու է: Բացի ծանր մետաղներից, նաև ուրան, թորիում և ռադիոակտիվ նյութեր պետք է լցվեն ջրային, հողային համակարգեր:

«Ես հաշվարկները արել եմ, թե դա ինչ վնասներ է տալիս հողային, ջրային համակարգերին, բայց Նիկոլ Փաշինյանը թքած ունի հայ ժողովրդի ապագայի վրա: Բոլոր քայլերը, որ նա կատարում է, դա է ցույց տալիս: Կարծում եմ՝ բնակչությունը դա թույլ չի տա: Իրենք թեկուզ մարդկային զոհերով կգնան հանքի շահագործման: Կարծում եմ՝ դա մարդկային զոհերով են անելու»,- հավելեց Սանասարյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •