• Sat. Feb 27th, 2021

Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ պարտավորություններից հրաժարվեցին

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին, որում պատմել է Գյումրիի ռազմաբազայի մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին։ Պատասխանելով ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ Վառնազովիչը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։

Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը այնքան էլ չկա, և հետո՝ այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը որոշում է միայն մեկ ռուսական ռազմակայանի կարգավիճակը և կանոնակարգում է միայն դրա գործունեությունը: Ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է», ասել է նա։

Վաղարշակ Վառնազովիչի հայտարարություններն անշուշտ բացելու կարիք կա, նկատի առնելով նոր իրողությունները։ Ըստ էության, 2016-ից հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաեւ ՀԱՊԿ գծով պաշտպանական համաձայնագրերը չեն գործում։ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ պարտավորություններից հրաժարվեցին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Պատերազմի եւ հետպատերազմյա ռուս-թուրքական պլանավորումը ենթադրում է ռուս-թուրքական նոր սահմանը, որն անցնում է Շուշի-Բերձոր գծով։

Ինչ վերաբերում է Գյումրիի բազային, ռուս ռազմական փորձագետների գնահատականները հանգում են նրան, որ այն բացի «մետաղի ջարդոն» լինելուց, ռուս-թուրքական նոր համաձայնությունների պարագայում վեր է ածվում «լրացուցիչ գլխացավանքի»։ Բանն այն է, որ թուրքական հնարավոր սադրանքի պարագայում դա նշանակելու է նաեւ սադրանք Ռուսաստանի դեմ, իսկ Մոսկվան հայտարարել է, որ որեւէ պարագայում ռազմական բախման մեջ չի մտնելու Թուրքիայի հետ, Կրեմլի դիրքորոշումն են մեկնում ռազմական փորձագետները։

Այս զարգացումների ֆոնին, Գյումրիի բազայի մի մասի վերատեղակայումը երկրի արեւելքում Հայաստանից Ռուսաստանի նահանջի մեկնարկն է։ Երկրի արեւելքն ըստ էության Արցախն է, որտեղ արդեն ռուսական զորք կա, եւ հնարավոր է նահանջը «ձեւակերպվում է» այս կերպ։ Կրեմլի համար մշակումներով զբաղվող փորձագետները չեն թաքցնում, որ «ռազմա-քաղաքական պատասխանատվության» գոտին Արցախն է, կամ դրանից մնացած մասը։

Առաջիկայում ծանր ամիսներ են սպասվում, Հայաստանի անվտանգության նախկին համակարգն այլեւս չի գործում։ Անհրաժեշտ է մշակել նոր քաղաքականություն, որի հնարավորույունը դեռ կա, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ հավելյալ երաշխիքներով համագործակցության հնարավորությունը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 8
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 8
  •