• Sat. Feb 27th, 2021

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի մի քանի անդամներ հրաժարվել են մասնակցել նիստերին

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը փետրվարի 8-ին հավաքվել է, ամփոփել է կատարված աշխատանքը, դեպոնացրել է այն։ Հանձնաժողովի հաջորդ նիստը, թերևս, կլինի նորացված կազմով։ Իսկ կազմում էական փոփոխություններ են սպասվում։

Դեռ վաղուց հայտնի էր, որ ԲՀԿ-ից առաջադրված Գևորգ Պետրոսյանը չի մասնակցում նիստերին։ Պատերազմից հետո էլ ԼՀԿ անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ չի մասնակցելու նիստերին, քանի որ սահմանադրական փոփոխությունները ներկա իրավիճակում առաջնահերթություն չեն։

Մամուլն այսօր գրել էր, որ աշխատելու ցանկության բացակայության պատճառով կարող են փոխարինվել նաև ՀԿ սեկտորից առաջադրված Կարեն Զադոյանը, իրավաբան գիտնական Արթուր Ղամբարյանը, Գագիկ Թավադյանը, Անահիտ Մանասյանը, Լևոն Գևորգյանը:

Անահիտ Մանասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Թե  որպես քաղաքացի, թե որպես ոլորտի մասնագետ՝ կարծում եմ, որ լայնամասշտաբ սահմանադրական բարեփոխումների համար այժմ պատեհ պահը չէ: Դիրքորոշումս ձևավորելիս հիմք եմ ընդունել մի քանի կարևոր հանգամանք: Արդյունքում եկել եմ եզրահանգման, որ մասնագիտական էթիկայի տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին հետագա մասնակցությունս նպատակահարմար չէ: Միևնույն ժամանակ, ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր գործընկերներիս և նրանց տեսակետներին»:

Հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյան էլ ասաց, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին և դրա համար երկու փաստարկ է ներկայացրել՝ հանձնաժողովի աշխատանքներին իր հետագա մասնակցությունը աննպատակահարմար համարելը և հանձնաժողովի աշխատանքը ընդհանրապես աննպատակահարմար համարելը։ «Ես միջազգային իրավունքի մասնագետ եմ և եթե ունենամ ազատ ժամանակ, ապա կարող եմ այդ ժամանակը նվիրել միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գործերին, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո՝ այս փուլում ստեղծված իրավիճակում ինքը սահմանադրական փոփոխությունները ինքնին նպատակահարմար չի համարում։

Կարեն Զադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համաձայն հանձնաժողովի ներսում կայացած պայմանավորվածության, հանձնաժողովի գործունեության և աշխատանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը կարող է տրամադրվել հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի քարտուղարության` արդարադատության նախարարության կողմից։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Արսեն Թավադյանը ևս չցանկացավ մեկնաբանել հանձնաժողովի կազմից դուրս գալու տեղեկությունը։ «Ով որ նման բան է ասում, թող ինքն էլ մեկնաբանի»,- ասաց նա և անջատեց հեռախոսը։

Արդարադատության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 5-ին։ Թե ինչ հարցեր են քննարկվել, նախարարությունից փոխանցեցին, որ նպատակահարմար չեն համարում անդրադառնալ դրանց։
Իսկ թե արդյո՞ք փոխվելու է հանձնաժողովի կազմը, ովքեր են փոխվելու, այդ հարցերը քննարկման փուլում են։ «Երբ որ որոշակիություն լինի, պաշտոնապես կհայտարարենք»,- ասաց ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ թեկնածուներ առաջադրելու իրավասությունը արդարադատության նախարարությանն է, իսկ դրանք հաստատում է վարչապետը։ Նշենք, որ, ըստ կառավարության սահմանած ժամանակացույցի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռևս 2020 թվականի հոկտեմբեր ամսին պետք է արդեն ներկայացրած լիներ սահմանադրական փոփոխության հայեցակարգը, իսկ մինչև տարեվերջ՝ վերջնական նախագիծը, որը արդեն պետք է քվեարկության դրվեր 2021-ի ամռանը: Բայց ինչպես երևում է վերև նշված զարգացումներից՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը շատ մշուշոտ է։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •