• Sat. Feb 27th, 2021

Արևմուտքի և Վրաստանի իշխանությունների արձագանքը Վրաստանի իրադարձություններին

Byhttp://Mitk.am

Feb 23, 2021

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալության հետ կապված հայտարարություններ են արել արևմտյան քաղաքական գործիչները, ներկայացնում է aliq-ը:

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին Թվիթերի իր էջում գրել է. «Շատ տխուր օր Վրաստանում»։ Իսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ նշված է․

«Ցավում ենք, որ Միացյալ Նահանգների և միջազգային այլ գործընկերների՝ զսպվածություն ցուցաբերելու կոչերն անտարբերության արժանացան։ Ցնցված ենք ճգնաժամի ժամանակ Վրաստանի իշխանությունների հռետորաբանությունից: Ուժ գործադրելու մեթոդներն ու ագրեսիան Վրաստանի քաղաքական խնդիրները լուծելու ճանապարհ չեն: Այսօր Վրաստանը նահանջել է եվրաատլանտյան պետությունների ընտանիք՝ դեպի հզոր ժողովրդավարություն տանող ճանապարհին»։

Թվիթերում գրառում է արել նաև Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Կալինդրան։

«Հանուն Վրաստանի ապագայի, բոլոր կողմերին զսպվածության կոչ եմ անում: Բռնությունն ու էսկալացիան չեն կարող դրական արդյունք տալ»,- գրում է դեսպանը:

Մելիայի ձերբակալության հետ կապված հայտարարություն է տարածել Transparency international Georgia կազմակերպությունը:

Հայտարարության համաձայն, Մելիայի ձերբակալությունը Ղարիբաշվիլիի ագրեսիվ հռետորաբանության շարունակությունն է: Ըստ ՀԿ-ի, իրավիճակը հնարավոր էր հարթել այլ ճանապարհով:

Ի պատասխան Արևմուտքի հնչեցրած քննադատություններին, Վրաստանի նորանշանակ վարչապետ Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հերոս է որակել ոստիկանությանը, նշել, որ ուժայինները բարձրագույն չափանիշներով են աշխատել: Ըստ նրա, սա բացարձակապես ցիվիլ, ժողովրդավարական երկրին բնորոշ գործունեություն էր, գրում է aliq-ը:

Վրաստանի իշխող կուսակցությունը շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարին ու բոլոր ուժայիններին՝ հատուկ գործողությունն «առանց ուժի չարաշահման» իրականացնելու համար:

Կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «փայլուն» է որակել գործողությունը, որի ժամանակ, ըստ իշխանության, ոչ ոք չի տուժել:

Մինչդեռ, Վրաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանության հետ բախումների ժամանակ 17 անձ դիմել է բուժօգնության, երկուսին տեղափոխել են հիվանդանոց, բերման է ենթարկվել 21 քաղաքացի: Նշվում է նաև, որ հետաքննության նպատակով, «Միացյալ ազգային շարժում» գրասենյակից առգրավվել են սերվերներ։

Ի դեպ, «Վրացական երազանքը» հայտարարություն է տարածել, որում նշում է, որ իրենց սերվերները ենթարկվել են կիբերհարձակումների:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •