• Sat. Feb 27th, 2021

Ծառայողական քննություն է իրականացվում․ փոխթաղապետի վարքագծին գնահատական կտրվի

Երեւանի քաղաքային իշխանության ներկայացուցիչ՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին վերաբերող վիրավորական գրառում էր արել։ Այն հանրային լայն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել։

Այսօր Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ծառայողական քննություն է սկսել՝ Ներսես Պողոսյանի հանրային վարքագծին գնահատական տալու նպատակով։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընդհանրապես անթույլատրելի ենք համարում հանրային հարթակում ատելության խոսքի տարածումը եւ հանրային բանավեճում անձնական վիրավորանքների լեզվի կիրառումը: Միեւնույն ժամանակ, այս կամ այն աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվում է օրենսդրության սահմանած կարգով»,- ասաց Կարապետյանը։

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի սկանդալային գրառմանը երեկ անդրադարձել էր նաեւ Արփինե Հովհաննիսյանի ամուսինը, ի դեպ, համարժեք բառապաշարով:

Ավելի ուշ Ներսես Պողոսյանն իր գրառումը հեռացրեց՝ դրա փոխարեն մեկ ուրիշն ավելացնելով ու պարզաբանելով նախորդը հեռացնելու պատճառները․ «Արփինեի հետ կապված գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարող է վախեցել եմ, չարաչար կսխալվեք, ուղղակի հասկացեք, որ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •