• Sat. Feb 27th, 2021

Կազանից մինչև Վիեննա. ո՞ւր են տարել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները

Կազանից մինչև Վիեննա. ո՞ւր են տարել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցությունները: 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից դրանց մասին խոսելիս Սերժ Սարգսյանը լավատեսական ոչինչ չէր ասում, հորդորում էր հույս չփայփայել, թե Ադրբեջանը թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը: «Լուրերը» փորձել է հետադարձ հայացք գցել ու պարզել՝ ինչպես մինչև 2018-ի ապրիլ հարցի խաղաղ, թեկուզ պարտվողական կարգավորման հույս կար, իսկ ապրիլից այլևս ոչ:

http://1lurer.amՄեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների հակասություններին: Բայց այդ հակասությունների ծագումը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցում, և բանակցային ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը 2018 թվականին:

Այս պատմությունը պարզաբանելու համար պետք է վերադառնալ Կազան՝ 2011 թվական, երբ Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել էր ստորագրել կարգավորման փաստաթուղթը: Այդ փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմն Ադրբեջանին էր վերադարձնում 5 շրջանները, իսկ հայկական կողմի համար երկու առանցքային առավելությունները հետևյալներն էին. հստակ արձանագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ և Քելբաջարն ու Լաչինը, ենթադրվում էր, որ պիտի դեռ մնային հայկական կողմի վերահսկողության ներքո:

Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ հօդս ցնդեցնելով հայկական կողմի գիտակցության մեջ կարծրացած այն առասպելը, թե բանակցությունները վիժեցնող կողմը կպատժվի միջազգային հանրության կողմից: Համաձայնեցված փաստաթուղթը չստորագրելու լկտի պահվածքն Ադրբեջանի համար ոչ մի հետևանք չունեցավ:

Ընդհակառակը, 2013 թվականից Ադրբեջանը կամաց-կամաց սկսեց մեծացնել ռազմական ճնշումը հակամարտության գոտում և դա ճնշում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև արհամարհանք էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նկատմամբ:

Առաջին հայացքից՝ թվում էր, թե այս արհամարհանքը պետք է արժանանա հակազդեցության, սակայն տեղի ունեցավ հակառակը: 2016 թվականի հունվարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջոցով Հայաստանին հստակ հասկացրին, որ պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղին կարգավորման փաստաթղթում «միջանկյալ կարգավիճակ» վերապահելուց:

Հայկական կողմը, բնականաբար, հրաժարվեց այս առաջարկից, որին հետևեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016 թվականի ամռանը, արդեն շրջանառության մեջ դրվեց կարգավորման նոր փաստաթուղթ, որտեղ արդեն բացակայում էր «Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը:
Բացի այդ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, ինքը համաձայնել էր, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի օրակարգի՝ անսահմանափակ լինելու վերաբերյալ արտահայտությունը հանվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթից: Հենց այսպիսին էր բանակցային իրավիճակը 2016 թվականին, ու սա առնվազն հակասում է Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե հայկական կողմը հաղթել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Պատերազմից հետո հաղթող կողմը կոշտացնում է իր դիրքորոշումը և ոչ թե հակառակը, իսկ Ապրիլյան պատերազմի արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր այն պայմաններին, որոնց չէր համաձայնվում պատերազմից առաջ: Բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը չի համաձայնվում ստորագրել կարգավորման փաստաթուղթը՝ պահանջելով նաև Քելբաջարը և Լաչինը, իսկ մնացած հինգ շրջանների հանձնումն արդեն պայմանավորված էր:

Եվ այստեղ Սերժ Սարգսյանն առաջարկում է հարցի լուծման իր տարբերակը, համաձայն որի Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին վերադարձվում են ոչ թե միանգամից, այլ դրանք անցնում են ԵԱՀԿ մոնիթորինգի ներքո: Ի՞նչ է սա նշանակում գործնականում, եթե կարճ ներկայացնենք՝ հետևյալն է. հայկական կողմը հանձնում է Քելբաջարն ու Լաչինը, բայց ադրբեջանական կողմը այն դե յուրե չի ստանում:

Սրա դիմաց Սերժ Սարգսյանն ակնկալում էր, որ «միջանկյալ կարգավիճակի» մասին դրույթը վերադառնա բանակցային փաստաթուղթ: Այս առաջարկին համանախագահները ընթացք են տալիս, ինչը բնականաբար առաջացնում է Ադրբեջանի հակազդեցությունը և կտրական մերժումը:

Արդյունքում՝ բանակցային տրամաբանությունը վերադառնում է 2016 թվականի բանակցային վիճակ, երբ համանախագահները Հայաստանին հորդորում են զերծ մնալ «միջանկյալ կարգավիճակ» տերմինից, քանի որ դա բանակցային գործընթացը մտցնում է փակուղի: Միևնույն է, փաստաթղթում նկարագրվում է «միջանկյալ կարգավիճակ»՝ առանց դրա անունը տալու:

Այս ամենի արդյունքում «միջանկյալ կարգավիճակ» տերմինը, ինչպես 2016 թվականին, դուրս է մնում բանակցային տրամաբանությունից, փոխարենն այնտեղ հաստատված մնում է Քելբաջարն ու Լաչինը ԵԱՀԿ-ին հանձնելու դրույթը:

Այսքանով, սակայն, Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության կազուսները չեն ավարտվում: Առաջին հայացքից հայկական կողմին ձեռնտու որոշ ձևակերպումների խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք, իրականում, ձեռնտու էին Ադրբեջանին:

Մասնավորապես՝ խոսվում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային կազմակերպությունների ուղիղ շփումների մասին: Բայց հստակեցված չէ, ովքեր են համարվում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ. տեքստի ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդպիսիք կարող էին համարվել նաև Լեռնային Ղարաբաղի՝ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, և այս մեկնաբանությանը հակազդելու որևէ մեխանիզմ փաստաթղթում դրված չէ:

Հաջորդ՝ ամենակարևորը, հստակեցված չէ, ի վերջո, տարածքները հանձնելուց մինչև ենթադրյալ հանրաքվե Ղարաբաղը դե յուրե համարվո՞ւմ է Ադրբեջանի մաս, թե՞ ոչ: Սա սկզբունքային կարևոր հատված է, որովհետև, եթե միջազգայնորեն Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի մաս, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա ողջ Ադրբեջանի տարածքում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս դիտվելու ոչ մի շանս չկա: Մանավանդ այն պայմաններում, երբ հանրաքվեն անց է կացվելու ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո և, ուրեմն, հայկական կողմը չունի վերահսկողություն հանրաքվեի հարցի ձևակերպման և պարամետրերի որոշման վրա:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի համաձայնեցված տարբերակում չի նշվում, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեն որտե՞ղ է տեղի ունենալու, իսկ տեքստի ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպված է այնպես, որ Ադրբեջանը կարող է պնդել համաադրբեջանական հանրաքվեի տարբերակը: Ինչպես նաև հստակեցված չէին հանրաքվեի ժամկետները, և պետք է հստակեցվեին կողմերի համաձայնությամբ։

Ի տարբերություն նախկինի՝ Սերժ Սարգսյանի տարբերակում չի հստակեցվում Լեռնային Ղարաբաղի բնակչություն հասկացությունը: Նախկինում ասվում էր, որ այս տերմինի տակ պետք է հասկանալ ԼՂԻՄ բնակչության ազգային կազմն այն համամասնություններով, ինչ 1988 թվականին, այսինքն՝ հայկական մեծամասնությամբ:

Սերժ Սարգսյանը բազմիցս միջնորդել է, որ այս ձևակերպումը վերադառնա փաստաթուղթ, բայց այդպես էլ որևէ հաջողություն չի ունեցել: Եվ, հետևաբար, բանակցային գործընթացը 2018 թվականին եղել է մի իրավիճակում, երբ Ղարաբաղը կամ աննկատ պետք է վերադառնար Ադրբեջանի կազմ, կամ ուղղակի պատերազմն անխուսափելի էր:

Սրա մասին վկայում են նաև Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլին որպես վարչապետի թեկնածու ասված խոսքերը:

Մտնում են երկու հայտարարությունները բանակցային գործընթացը կանգնած լինելու և պատերազմի հավանականության մասին:

«Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

«Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»:

Ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանի ձևակերպմանը. «այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք»… Սա 2018 թվականի ապրիլն է: Այսինքն՝ մինչև ապրիլ ԼՂ հարցի խաղաղ, թեկուզ պարտվողական կարգավորման հույս կար, իսկ ապրիլին այլևս ոչ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •