Փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հայկական գրանցմամբ ու համարանիշով ինքնաթիռի հնարավոր առեւանգմանը:
«Հայկական օդանավի առևանգո՞ւմ, հերթական խաբեությո՞ւն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: ՀՀ քաղաքացիական ավիացիայում փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA) հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել է վարչապետի նախկին խորհրդականը՝ հավելելով՝ «Մանրամասները հաջորդիվ, Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արձագանքել է թեմայի շուրջ տարածվող լուրերին: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը.
«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
1
1