• Fri. Mar 5th, 2021

Մոսկվա – Մինսկ նոր հարաբերություններն ու Հայաստանը, ով ով է

ԱՄՆ-ը նոր պատժամիջոց է կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ: Միաժամանակ Եվրամիությունն է հավանության արժանացրել Նավալնու գործով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը: Մոսկվայի շուրջ օղակը սեղմելու արևմտյան կամ հյուսիսատլանտյան քաղաքականության նոր ակտիվ փուլը նկատելի է անզեն աչքով:

Ըստ ամենայնի հենց այդ հարցերն են եղել նաև Պուտին-Լուկաշենկո՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման օրակարգում: Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպումը կազմակերպել են, այսպես ասած, կիսաժամանցային տրամաբանությամբ՝ քննարկումներ, դահուկներ, սկուտեր, ինչով թերևս փորձել են ցրել օրակարգի հնարավոր լարվածությունը:

Բանն այն է, որ օղակը սեղմելու գործընթացը Պուտինի համար սրում է Բելառուսի հարցը: Լուկաշենկոն այնտեղ կախված է օդից. դա ակնհայտ է: Միաժամանակ ակնառու է, որ Մոսկվան դեռևս չի գտել բելառուսական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակը կամ՝ արագ տարբերակը: Օրերս Բատկան հայտարարեց, որ 2022 թվականին անցկացնելու է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Ինչպես հայտարարել էր ավելի վաղ, հանրաքվեից հետո կհեռանա: Բանն այն է, սակայն, որ հնարավոր է Ռուսաստանը չունի ժամանակ մինչև 2022 թվականը, ընդ որում՝ ոչ միայն Բելառուսի ներսում իրավիճակը պահելու առումով, այլ նաև հենց Ռուսաստանում: Եթե Արևմուտքն անցել է օղակն ավելի սեղմելուն, ապա դա նշանակում է նոր մարտահրավեր, միաժամանակ՝ հնարավորությունների նվազում:

Այդ պարագայում Պուտինի համար Բելառուսում իրավիճակի վերահսկողության առավել ամրագրումը և բյուրեղացումը դառնում է հրատապ խնդիր: Ինչ լուծումներ է նա առաջարկել Լուկաշենկոյին՝ պարզ չէ: Բայց Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կարող է էապես առնչվել նաև Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկները դիտարկենք փաթեթ: Այլ կերպ ասած, Բելառուսում դիրքերի ամրացումը և բյուրեղացումը, այսպես ասած՝ պաշարման տրամաբանության անցումը Ռուսաստանը կարող է կապել նաև Հայաստանի հետ: Վերջին հաշվով ակնառու է, որ ներկայումս կա երկու պետություն, որոնք հնարավոր է դիտարկել Ռուսաստանի միարժեք ազդեցության գոտի՝ Բելառուս և Հայաստան: Ընդ որում, երկու պարագայում էլ իրավիճակը նույն Ռուսաստանի համար, մեղմ ասած, հակասական է:

Ահա այդ համատեքստում հատկանշական է, որ Մոսկվայի շուրջ օղակը սեղմելուն զուգահեռ՝ Հայաստանում սեղմվում է ներքաղաքական պայքարը՝ զսպանակի նման, որը կարող է բացվել ամեն պահի՝ առաջ բերելով լուրջ անկայունություն և ճանապարհ բացելով արտաքին միջամտության համար, ինչն անելու ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե մեխանիզմներին Մոսկվան տնօրինում է: