• Sat. Feb 27th, 2021

Ռուսաստանը հանձնվել է Թուքիային, այլևս դիմակայելու ուժ չունի՞

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ չի կարծում, թե Թուրքիան ունի Մեծ Թուրանի ծրագիր: Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում՝ ինչպես են միջինասիական հետխորհրդային երկրներն աջակցելու այդ ծրագրին, երբ նրանք ձեռք են բերել անկախություն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, անշուշտ, թաքցնում է իրական կարծիքը: Պետք է չունենալ կասկած, որ Լավրովն ինքը, և Կրեմլն ընդհանրապես չի կասկածում Մեծ Թուրանի թուրքական ծրագրին: Քաղաքականապես որքան անմեղսունակ ու անհամարժեք է պետք լինել կասկածելու մի բանի առնչությամբ, որի մասին Էրդողանը խոսել և խոսում է գրեթե բացահայտ: Այլ հարց է, որ Ռուսաստանը ներկայումս, մեղմ ասած, չունի այն քաշային կատեգորիան, որը թույլ կտա բացահայտ արտահայտվել Թուրքիայի այդպիսի հավակնությունների վերաբերյալ, քանի որ դրանից հետո Ռուսաստանը պետք է նույնքան բացահայտ էլ դատապարտի դրանք, քանի որ Մեծ Թուրանը ենթադրելու է փոքրացող Ռուսաստան:

Այլ հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի թուրքական այդ հավակնության դեմ պայքարի պետական ռազմավարություն, թե՞ Թուրանի թուրքական «տեսլականը» արդեն իսկ անկասելի հաստատում է գտել Ռուսաստանում, ոչ միայն 25 միլիոն մահմեդական բնակչության առկայությամբ՝ որոնց միջոցով Էրդողանն իր խորհրդականի շուրթերով սպառնում էր Ռուսաստանը քանդել ներսից:

Ընդ որում, այդ հայտարարությանը ռուսական այսպես ասած էլիտայից չեղավ որևէ արձագանք, մինչդեռ Թուրքիայի նախագահի խորհրդականը բավականին շոշափելի քաղաքական պաշտոն է, որի մակարդակով արվել է Ռուսաստանը ներսից քանդելու մասին հայտարարություն: Ըստ այդմ, կամ դրան պատասխանելը անզորություն է՝ ինչպես Մեծ Թուրանի ծրագրի առկայությունը խոստովանելը, կամ ռուսական քաղաքական էլիտան, ռուսական քաղաքական մշակումներն իրականացնող, այսպես ասած, «ուղեղային կենտրոնները» այլևս թուրանականացված են, և նրանց խնդիրն է ընդամենը ապահովել Մեծ Թուրանի և փոքրացող Ռուսաստանի, այսպես ասած, սահուն տրանսֆորմացիան:

Թե՞ Ռուսաստանում կա ներվերնախավային դիմակայություն, այսպես ասած՝ ծպտյալ թուրանականների և ռուսական պետականության դիմադրողականության կրողների միջև: Եթե կա այդ դիմադրությունը, այն պետք է արտահայտվի: Եվ այն առաջին հերթին պետք է արտահայտվի Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերության վերականգնման տրամաբանությամբ, որովհետև ռուսական պետականությունը՝ որպես ռուսական, կարող է ապագա ունենալ միայն այդ պարագայում: Սրանք իրականում նաև մեզանում լրջագույն դիտարկման արժանի հարցեր են, որովհետև դրանցից կախված է նաև Հայաստանի ապագան ու ճակատագիրը՝ բնականաբար ներառյալ Արցախը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •