• Sat. Feb 27th, 2021

Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա

Վազգեն Մանուկյանը հին աճպարար է, որովհետև իշխանությունը որևիցե «պլանկա բարձրացնելու» խնդիր չունի: Լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե իշխանությունները ընդդիմության դեմ «պլանկա բարձրացնեն», ընդդիմությունն էլ նույնը կանի:

«Իշխանությունը իշխանություն է, որտեղ կա ոստիկանություն, ԱԱԾ, որտեղ կան զորքեր, ներքին զորքեր, այսինքն՝ մենք իրենց հետ ինչպե՞ս պետք է «պլանկա բարձրացնենք»: Մե՞նք էլ պետք է դուրս գանք հրապարակ, բռնության կոչեր անենք և անպատասխանատու հայտարարություններ անենք: Պարոն Մանուկյանը, կարծում եմ, իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն հիմա չեն ասում դա, որ իր տրամադրությունը չփչանա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, փետրվարի 21-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին, նշել էր. «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու»։

Անդրադառնալով այս հայտարարության՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Անդրանիկ Քոչարյանի ասած ստորակետի, վերջակետի ետևից ընկնելու փոխարեն, ի մի բերելով՝ կարող եմ ասել հետևյալը. իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոնը և օրինականությունը: Եթե սրա հետ կապված որևիցե մեկը առարկություն ունի, ես պատրաստ եմ իր հետ բանավիճելու: Մնացած մեկնաբանությունները ուղղակի մեկնաբանություններ են»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •