30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ինչո՞ւ չի կրակել կամ չի պայթել հայկական բանակի ամենահնչեղ սպառազինությունը

«Իսկանդերը» չի պայթել, պայթել է 10 տոկոսով․․․ վարչապետի՝ նախօրեին տված հարցազրույցի այս միտքը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Առանց միջոցների մեջ խտրություն դնելու՝ ով ինչպես ուզում-մեկնաբանում, չարախնդում և զվարճանում է ուղղակիորեն Հայաստանի անվտանգությանն առնչվող սույն հայտարարությունը։

44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի վերաբերյալ հարցը ամենից արծարծվողներից էր: «Իսկանդեր»-ը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ներկայացվում էր իբրև Հայաստանի մի ահեղ սպառազինություն, որը Բաքվի մոտ մշտապես կառաջացնի պատերազմ սկսելու հանդեպ ահ, իսկ սկսելու դեպքում ուղղակի կխորտակի Ադրբեջանը: Թեև Բաքուն ունի դրա զգալի համարժեքները՝ բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական «Լորա»:

Այդուհանդերձ, ինչո՞ւ չի կրակել կամ չի պայթել հայկական բանակի ամենահնչեղ սպառազինությունը, որը նաև դիտարկվում է ռուսական ռազմարդյունաբերության նվաճում:

Հայկական բանակը նոր, մրցունակ, բարձրակարգ և արդիական սպառազինությամբ ապահովելու հարցը չի կարող չշոշափել իրողությունը, որ արցախյան երկրորդ պատերազմում մեզ պարտության է մատնել ոչ միայն ռուսական/սովետական բանակի հիմքի և մտածողության վրա կառուցված հայկական զինված ուժերը Արցախում և Հայաստանում, այլև ռուսական սպառազինությունը, ռուսական զենքը։

Հեռու եմ այն մտքից, որ Հայաստանին մատակարարված ռուսական ողջ սպառազինությունը անորակ է։ Հարկ է նկատել, որ առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանն ինքը անկասկած չէր սկսի պատերազմ՝ ունենալով ահը ոչ միայն «Իսկանդեր»-ի առկայությունից, այլև ըստ էության հայկական բանակից ընդհանրապես, որը թեև սպառազինության արդիականությամբ և քանակով զիջում էր Բաքվին, սակայն մարտունակությամբ անկասկած գերազանցում: Պատկերը ամբողջապես փոխում է Թուրքիայի հանգամանքը՝ ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մեկի, թե՛ իր արդիական տեխնոլոգիական սպառազինությամբ և թե՛ այդ ամենը ավտոմատացված կառավարելու արդիական կարողությամբ, ինչը բնականաբար կանխորոշում է ռազմական գործողությունների էֆեկտիվությունը և դառնում վճռորոշ գործոն:

Ի վերջո դա է պատերազմի հինգերորդ սերունդ կոչվածը: Եւ հենց այս հանգամանքը պետք է դառնա մեր բանակների արդիականացման ելման կետը։ Մեր բանակի առողջացման, արդիականացման և Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման ամբողջ կոնցեպտը դատապարտված ենք կառուցել հենց այս փաստական իրողության հիմքի վրա։