Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, հետևաբար «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի կայանա։
«Այսօրվա արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթն այն էր, որ երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որն անպայման հանգուցալուծում է պահանջում։ Եվ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո նաև բազմաթիվ գեներալներ՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի, դիմում են գրել, որ պետք է միանան այդ հայտարարությանը։ Սա արդեն մեր գնահատականով էքստրեմալ իրավիճակ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ այդ պատճառով այսօր առավոտից նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով՝ ռազմական դրության չեղարկում և ստեղծված իրավիճակի քննարկում։
17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» անդամները աղբամաններով փակել են Բաղրամյան պողոտան:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը պնդում են, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի Ազգային ժողովում:
Ավելի վաղ«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ էր արել երկու կողմից փակել Բաղրամյան պողոտան: Նրանց այսօրվա ակցիան կրում է «Մենք բանակի կողքին ենք» անվանումը: