• Fri. Apr 23rd, 2021

Ի՞նչ ենք անելու, եթե ռուս-թուրքական մրցակցությունը վերաճի նոր մեծ կոնֆլիկտի, և մեզ ներքաշել

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չավուշօղլուի էսօրվա հայտարարությունը հավանաբար նշանակում է, որ ռուս-թուրքական հերթական փառավոր դաշինքը (արդեն որերորդը պատմության մեջ) ճեղքեր է տալիս: Հատկապես, երբ համեմատում ենք երկու հայտարությունները՝ ռուսականը՝ Հայաստանի ներքին գործն է, և թուրքականը՝ դատապարտում ենք:

Իհարկե այդ դաշինքը տեղով ճաքած (թուրքերեն բառացի՝ չաթլախ) դաշինք է: Քանի որ ռուսներն ի տարբերություն 1920-21-ի չեն կարողանում ամբողջ տարածաշրջանը վերցնել, և նույնիսկ Հայաստանի հարցը դեռ լուծված չէ, որպեսզի թուրքերին իրենց գինը վճարելով, հաստատեն համեմատաբար կայուն գերշխանություն, ապա, խաղը շարունակվում է, և ժամանակավոր ու չաթլախ դաշնակիցները բնական մրցակցության մեջ են մնում, որը միայն խորանում է:

Սա շատ կարևոր է հականալ: Անկայունությունը չի ավարտվել, խաղաղությունը չի եկել, պատերազմը՝ սկսած 2016-ին փաստացի շարունակվում է:

Ինչպես և կանխատեսելի էր, ի դեպ, դեռ վերջին պատերզմից առաջ ռուսական խաղաղապհների տեղակայումը չի կարող հարցի լուծում լինել, և կայուն խաղաղություն բերել, եթե ռուսները չեն կարողանում վերցնել ամբողջ տարածաշրջանը:

Ի՞նչ է հետևում սրանից:

Նախ՝ Հայաստանի համար մանևրելու դաշտը պահպանվում է, եթե, իհարկե, գոնե այսքան ծանր հարվածից հետո հասկանանք, որ դա կա:

Երկրորդ՝ ռուսական ներկայության կամ դրա հնարավոր երկարացման դիմաց Արցախում Ադրբեջանը նորանոր զիջումներ կարող է պահանջել ռուսներից՝ պարզ է, թե ում հաշվին:

Երրորդ՝ ռուսներն իքս իրավիճակում կարող են հերթական անգամ խաղարկել հայկական հակաթուրքականության քարտը, նոր պատերազմի հեռանկարով:

Այս ամենն այնքան է կրկնվել մեզ հետ, որ ամոթ է նույնիսկ հիշեցնել սրա մասին: Վաղուց ամեն հայ դպրոցաան պետք է անգիր արած լիներ այս սցենարները, եթե, իհարկե, մեր պատմագիտությունն էլ տված չլինեինք օտարի ձեռքը:

Հերթական ախմախ հեղաշրջման փորձի, և չեղած քաղաքացիական բախումների մասին այսքան խոսելու փոխարեն ավելի լավ է ամեն մեկս փորձի պատասխանել հետևյալ հարցերին.

Ի՞նչ ենք անելու, եթե մի օր այս կամ այն պատճառով ռուսները ստիպված լինեն հեռանալ Արցախից:

Ի՞նչ ենք անելու, եթե ռուս-թուրքական մրցակցությունը վերաճի նոր մեծ կոնֆլիկտի, և մեզ փորձեն ներքաշել սրա մեջ:

Ի՞նչ պետք է պատասխանենք վերջերս ակնհայտորեն հաճախացող ակնարկներին Թուրքիայի կողմից:

Ես հատուկ չեմ գրում իմ պատասխանները:

Գուցե դրանք իրոք սխալ են:

Բայց եթե դուք ձեզ իրավիճակին ադեկվատ եք համարում, այս հարցերն անպայման տվեք ինքերդ ձեզ, որովհետև սրանք են հիմա կարևոր:

Որոշումները հիմա պետք է ընդունվեն:

Ու անպայման այս հարցերը տվեք բոլոր քաղաքաան գործիչներին անխտիր: Չթողեք, որ իրենք սրանցից խուսափեելով, ձեզ հրամցնեն իրենց դատարկությունները:

Ունե՞ն այս հարցերի պատասխանները, թե չունեն: Եթե չունենք, ուրեմն, քաղաքական գործիչ չեն, այլ կամ գործակալ են կամ խեղկատակ: