• Fri. Apr 23rd, 2021

«Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք». Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ

«Ամենատարբեր լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել: Մենք էստեղ ենք եւ մեր հայրենիքից որեւէ պարագայում չենք գնալու: Ընտանիքը այստեղ է, հեսա որպեսզի ապացույց լինի, իրենց էլ կհրավիրենք, որ գան քայլենք»,- Հանրապետության հրապարակից սկսված երթի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաեւ այն լուրերի մասին, թե բախումների համար է հավաքը:

«Ոչ մի բախում, եկեք մեր մտքից հանենք, Հայաստանի ներսում չի կարող բախում լինել, մենք Հայաստանի ներսում չունենք թշնամի, մենք Հայաստանի ներսում ունենք եղբայրներ եւ քույրեր, հայրեր եւ մայրեր, որոնք կարող են մեզ հայհոյել, բայց դրանից մեր վերաբերմունքը չի փոխվում»,- ասաց նա:

Երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ վարչապետը դիմում է քաղաքացիներին, ողջունում նրանց:

Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել է, որ ժամը 16:00-ին ելույթով է հանդես գալու Հանրապետության հրապարակում: Դրան նախորդել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Փաշինյանն այս հայտարարությունը հեղաշրջման փորձ է անվանել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը ավարտվեց Հանրապետության հրապարակում: Ազատության հրապարակի մոտով անցնելիս, սակայն, փոքրիկ բախում տեղի ունեցավ Փաշինյանի աջակիցների ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների միջեւ:

Թեեւ վարչապետը բազմիցս հորդորեց միայն ծափերով արձագանքել, եթե նույնիսկ լինեն «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ, սակայն փոքրիկ բախումից խուսափել չհաջողվեց:

Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիր ակտիվիստները երկաթե ճաղավանդակների հետեւից հայհոյանքներ էին հնչեցնում եւ ինչ-որ իրեր նետում տարածքով անցնող Փաշինյանի աջակիցների ուղղությամբ: Ոստիկանների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվեց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ Կառավարության շենքից եւ մոտեցավ իր կոչով Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին:

Հավաքվածները վարչապետին դիմավորեցին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով:

Պատասխանելով բախումների վտանգի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց. «Վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունենա: Ամենակարեւորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք: Սա ամենակարեւոր արձանագրումն է, բայց հարցեր կա, պետք է քննարկենք: Եվ այդ հարցերի քննարկումն է մեր հավաքի նպատակը»:

Վարչապետն ընդգծեց՝ չի կարող տեղի ունենալ այլ բան, այլ միջադեպ, Հայաստանի Հանրապետությունում եղբայրության մթնոլորտ պետք է լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ չի լինելու:

Հեղաշրջման վտանգը չեզոքացվա՞ծ է՝ այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է. «Ես կարծում եմ, որ դա հուզական արձագանք է (Իր հրաժարականի մասին հայտարարությունը-խմբ.), եւ մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք, ուղղակի հրամանատարության…ներքաշել են մեր ընկերներից ոմանց, բայց նույնիսկ նրանց, ում աշխատանքից ազատելու որոշում կայացրել եմ, նրանք բոլորը իմ եղբայրներն են, մեր եղբայրներն են, մեր հայրենիքի զինվորներն են»: