• Fri. Apr 23rd, 2021

Նրանք երազել են պարտություն, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ ասում էին՝ ինչ եք կռվում, փախեք գլուխներդ ազատեք

Այն իշխանությունը, որը բանակի հաշվին երկար տարիներ հարստացել է, այդ իշխանությունը, ցավոք, դեռևս ունի կամակատարներ ՀՀ զինված ուժերում։ Եվ այդ կամակատարները պետք է հեռանան անմիջապես։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է տեղի ունեցել։ Նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ Բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում։ Նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ։ Հեսա ասեմ որն ա դավաճանությունը։ 17 կոչված ֆորմատի, այսպես կոչված, վարչապետի թեկնածուն ասում ա՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք։ Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե։ Ժողովուրդն այսօր այստեղ կանգնած է, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի ու զինվորի հաշվին հարստացածները։ «Այդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարանոց դղյակատերերը էդ ո՞ւմ մասին են խոսում, ում են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել ա զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ ա մեղադրում»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ չի փորձում իր որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա։

«Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում ա, որ ինքը համաձայնվել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։ Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն և համարում էինք, որ դա լավ լուծում ա, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ։ Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրի էդ թուղթը, խոստովանեիք ժողովրդի առաջ, որ բերել այս կետին էիք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեիք։ Ես էլ կասեի՝ գնացեք, էդ թուղթը ստորագրեք։ Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, արժանապատվությունը, մեր հայրենիքը։ Եվ մենք հենվել ենք մեր բանակի վրա, հավատացել ենք մեր բանակին։ Եվ մենք այսօր էլ ենք հավատում մեր բանակին։ Եվ ես համոզված եմ, սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները, ժողովուրդը թույլ չեն տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ»,- նշեց նա։

Անդրադառնալով իրավիճակի հանգուցալուծմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք հետպատերազմական սթրեսի մեջ ենք։ Եվ ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունությունից։ Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ և ոստիկանության ու ժողովրդի կողմից։ Ձեզ մոտ հարց կծագի՝ ես այդ պատերազմից հետո չեմ մտածե՞լ, որ պետք է հրաժարական տամ։ Մտածել եմ, շատ եմ մտածել։ Բայց ես ասել եմ մի բան՝ ես իմ կամքով չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ։ Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ։ Եվ ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի։ Թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, հրապարակում ինձ գնդակահարի։ Նույնիսկ եթե մեր նկատմամբ ամանադաժան վճիռը կայացնեք, դրա իրավունքն ունենք»։

Ըստ Փաշինյանի՝ իշխանության գալով՝ ինքն ասել է՝ վենդետա չեն անելու։ «Բայց ով ոնց կարեցել է, մեզ թիկունքից խփել է։ Դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել ա, մեզ պադնոշկա է արել։ Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այդ շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք թղթի վրա արդեն պարտվել էին, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ ասում էին՝ արա, էս հողերն արդեն ծախած ա, սաղ պայմանավորված ա, ինչ եք կռվում, փախեք գլուխներդ ազատեք։ Եվ փախնողները եկան հրապարակ ու գրոհեցին կառավարության շենքը»,- հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, որ իր առաջարկն ուժի մեջ է՝ դարձյալ խորհրդարական և բոլոր ուժերին ասում է՝ «եկեք կոնսուլտացիաներ սկսենք այդ թեմայով»։

«Այո, մեր բանակին, Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ։ Եվ այսօր ես հստակ գնահատել եմ, որ ԳՇ կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Եվ ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում ՀՀ-ում»,- այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Իրենց իմ ասելիքը մեկն է՝ պարոնայք, զբաղվում եք ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը, բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել պրոցեսի մեջ, բանակը միայն ու միայն պիտի ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը»։

Ըստ Փաշինյանի՝ նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, Հայաստանի անվտանգության։

«Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, չեմ ուզում հավատալ, հենց հիմա վերադարձեք ու ապահովեք երկրի անվտանգությունը։ Սա է մեր հստակ պահանջը»,- հայտարարեց Փաշինյանը։